Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսի վերակառուցումը պատճառ դարձավ մարզային շրջագայությունների համար. Սոս Պետրոսյան


 

Երևանի պետական կրկեսի վերակառուցման աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն հաջորդ տարի։ Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանը։ Նա փաստում է, որ իրենք, թերևս, բոլորից շատ են շտապում, որպեսզի շինարարական աշխատանքներն ավարտվեն և իրենք անցնեն իրենց բնականոն աշխատանքին։ «Անցյալ տարի շինարարական աշխատանքի տեմպերը ինչ-ինչ պատճառներով մի փոքր ընկան, իսկ այս տարի հակառակն ավելի արագ են։ «Տաշիր Գրուպ»-ն է զբաղվում կրկեսի վերակառուցմամբ և անում է ամեն ինչ, որպեսզի շինարարության տեմպերն արագացնի»,- ասաց Պետրոսյանը: Նրա հավաստմամբ` այս ընթացքում կրկեսի աշխատակիցները պարապուրդի չեն մատնվել, փոխարենը սա առիթ է դարձել Հայաստանի մարզերով շրջելու համար: «Մեզ մոտ կրկեսային ստուդիայի ստեղծագործական աշխատանքները տեղի են ունենում կրկեսի մոտ գտնվող տարածքում։ Այդտեղ մենք վարձակալական հիմունքներով տարածք ենք վերցրել, որտեղ էլ ընթանում են ստեղծագործական աշխատանքները։ Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիան աշխատում է։ Նոր ընդունելություն է կազմակերպվում: Ի դեպ, մեզ մոտ ուսուցումն անվճար է, ինչը ևս բացառիկ երևույթ պետք է համարել»,- նշեց Սոս Պետրոսյանը։ Նա ընդգծեց, որ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված ներկայացումներով Երևանի կրկեսը շրջել է Հայաստանի բոլոր մարզերում, մեծ ու փոքր քաղաքներում: «Կրկեսում դերասաններից կազմված երկու խումբ կա, ովքեր բարեգործական հիմունքներով կազմակերպված ներկայացումներով հանդես են գալիս երկրի հեռավոր շրջաններում, զորամասերում: Չկա մի մարզ, մի գյուղ, որտեղ մենք հանդես եկած չլինենք: Անցյալ տարվանից մենք դրեցինք այս ավանդույթի հիմքը և հիմա ուղղակի շարունակում ենք այս գործընթացը: Մենք նոր ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Եղել ենք նաև Տավուշում»,- փաստեց կրկեսի գլխավոր ռեժիսորը: Մեր այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք այս շրջագայությունների արդյունքում հնարավոր է հասկանալ, որ նվազել է կրկեսի հանդեպ մեր ազգաբնակչության հետաքրքրությունը, թե` ոչ, Սոս Պետրոսյանը նշեց. «Շրջաններում և գյուղերում, օրինակ` Դիլիջանում, Իջևանում, Ղարաբաղի քաղաքներում լինում են մարդիկ, ովքեր տեսնելով Ենգիբարյանին նվիրված մեր ներկայացումները` գալիս են Երևան` ընդունվելու մեր ստուդիա: Դա շատ ուրախալի է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Պետրոսյանը խոստացավ, որ այն բանից հետո, երբ կրկեսը սկսի գործել իր բնականոն հունով, շրջագայությունները մարզերում, միևնույն է, կշարունակվեն:

 

Աղբյուր`
 
 
 
 
 
 
 
 
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության