Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

 


«Թիֆլիսում ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչ Իվան Գաբրիելյանը շատ լավ էր տիրապետում իլյուզիայի ժանրին: Նա կրկեսային խմբակ բացեց ու հնարավորության սահմաններում ամեն ինչով օգնում էր: Մեզ տանում էր կրկեսային ներկայացումներ դիտելու: Վերադառնալուց հետո փորձում էինք ընդօրինակել դերասաններին: Ես շատ էի սիրում ձեռնածուներին: Ինքս էլ պարապում էի: Փորձերս հաջողությամբ պսակվեցին. կարողանում էի վարժություններ անել հինգ գնդակով: Բոլոր օլիմպիադաներին մասնակցում էի: Այդ գործով լրջորեն զբաղվելու ժամանակը հասել էր, բայց չգիտեի` ուր գնամ ուսումս շարունակելու»,- հիշում է Երեւանի կրկեսի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը: -Ո±վ կամ ի±նչը օգնեց, որ Ձեր ճանապարհն ուղղվի դեպի կրկես:
-«Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որ էկրան բարձրացավ 1963-ին: «Սաքարթվելո» կինոթատրոնում ֆիլմը նայեցի ավելի քան տասը անգամ: Թե ինչ տպավորություն թողեց ֆիլմն ինձ վրա, անհնար է նկարագրել: Մի քանի ամսից ուրախությունս եւ ոգեւորությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ հայկական կրկեսի կոլեկտիվը Թիֆլիսում պիտի ելույթներ ունենա: Գնացի կրկես, նայեցի Լեոնիդ Ենգիբարյանի, Ստեփան Իսահակյանի ու Վաղարշակ Արզումանյանի ելույթները: Շատ էի ուզում նրանց հետ ծանոթանալ, զրուցել ու խորհուրդ հարցնել: Մի քանի օր գնալ- գալուց հետո հորս հաջողվեց կուլիսներում հանդիպել Ենգիբարյանին: Իմ բոլոր հնարքները դիտելուց հետո նա խորհուրդ տվեց ընդունվել աշխարհի միակ` Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Հայրս ինձնից ծածուկ Ենգիբարյանին խնդրել էր, որ ինձ ասի, թե ուսումնարան ընդունվելու համար պետք է դպրոցը ոսկե մեդալով ավարտեմ: Այդպես էլ եղավ. հանուն երազանքիս` դպրոցն ավարտեցի գերազանցությամբ: Մինչ այդ արդեն ընդգրկվել էի Թիֆլիսի պետական ֆիլհարմոնիայի կազմում: Այդ տարիներին էլ սովորեցի գումար վաստակել:
-Դուք Լեոնիդ Ենգիբարյանից հետո առաջին հայն էիք, որ ընդունվեցիք Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարան: Կպատմե±ք մի փոքր այդ մասին:
-Ութերորդ դասարանն ավարտելուց հետո հորս հետ մեկնեցի Մոսկվա: Ուսումնարանում մրցակցությունը մեծ էր. կրկեսային բաժնում մեկ տեղի համար մոտ հարյուր դիմում կար: Քննությունները երեք փուլով էին. ստուգում էին մեր ֆիզիկական տվյալները, տեխնիկական պատրաստվածությունը եւ դերասանի վարպետությունը: Ինձ չընդունեցին` պատճառաբանելով, թե ֆիզիկական տվյալներս չեն համապատասխանում: Վերադարձանք տուն: Հաջորդ երկու տարիներին նորից ընդունվելու փորձեր արեցի, բայց ապարդյուն: Ծնողներս ուզում էին, որ ընդունվեմ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իսկ ես դեմ էի: Հորս հետ կիկին մեկնեցինք Մոսկվա, սակայն նորից նույնը` չընդունվեցի: Այդ ժամանակ ինձ խորհուրդ տվեցին ընդունվել ոչ թե կրկեսային, այլ կլոունադայի, էստրադայի, էքսցենտրիկայի բաժին: Այդպես էլ եղավ:
-Գիտեմ, որ Ալլա Պուգաչովայի հետ միեւնույն կուրսում եք սովորել: Նրանից բացի` էլ ովքե±ր են եղել Ձեր համակուրսեցիները:
-Մեր կուրսղեկը Յուրի Բելովն էր, որ, ի դեպ, դասավանդել էր նաեւ Ենգիբարյանին: Իմ համակուրսեցիներից շատերն այսօր շատ ճանաչված ու սիրված մարդիկ են` Ժաննա Բիչեւսկայան, Յուրի Կուկլաչովը, Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Եկատերինբուրգի կրկեսի այժմյան տնօրեն Անատոլի Մարչեւսկին եւ այլք: Մի անգամ Յուրի Պավլովիչը որոշեց, որ իմ` դհոլներով համարի ժամանակ հայկական ժողովրդական երաժշտություն հնչի, բայց ուսումնարանի նվագակցողներից ոչ ոք հայկական երաժշտություն չէր կարողանում նվագել: Նվագակցող գտնելու համար նա ստիպված ինձ ուղարկեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան եւ պատրաստ էր նույնիսկ 20 ռուբլի վճարել: Գնացի ուսումնարան եւ հանդերձարանում նստած մի խումբ աղջիկների ասացի, որ դաշնակահարուհի եմ փնտրում: Նրանցից մեկն անմիջապես համաձայնեց: Շտապ տաքսի վերցրի, եւ արագ եկանք Յուրի Պավլովիչի մոտ: Դաշնակահարուհին ասաց, որ նույնիսկ հայկական ժողովրդական երգերգիտի ու սկսեց «Շալախո» նվագել, հետո Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւանը» եւ այլն: Յուրի Պավլովիչը նրան անմիջապես ընդունեց որպես նվագակցող: Այդ աղջիկը Ալլա Պուգաչովան էր: Մի անգամ հյուրախաղերի ժամանակ մեր տղաներից մեկը հիվանդացավ: Յուրի Պավլովիչը չգիտեր ծրագիրն ինչպես համալրել: Ալլան խնդրեց, որ այդ ընթացքում ինքը երգի: Երբ վերադարձանք Մոսկվա, Յուրի Պավլովիչը նրան միանգամից երրորդ կուրս ընդունեց: Այսպիսո`նա համ նվագակցում էր, համ սովորում: Ալլան սիրահարված էր մեր համակուրսեցի Միկոլաս Օրբակասին: Երրորդ կուրսն ավարտելուց հետո, երբ նորից հյուրախաղերի մեկնեցինք, նրանք ամուսնացան: Հետո ծնվեց նրանց դուստրը` Քրիստինան:
-Ինչպե±ս էին անցնում ուսանողական տարիները մոսկովյան միջավայրում:
-Քանի որ ռուսերեն լավ չգիտեի, հենց առաջին դասից ընկճվեցի: Առաջին կուրսում կաշկանդվածությունը այդպես էլ չկարողացա հաղթահարել: Բայց երբ մեր կուրսղեկը զգուշացրեց, թե հետ եմ մնում, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց: Այդ խոսքերն ինձ համար ճակատագրական դարձան: Ամառային արձակուրդին տուն վերադարձա: Արձակուրդս անցկացրի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում գտնվող մեր ամառանոցում: Անընդհատ մտածում էի Յուրի Պավլովիչի ասածների մասին: Ինքնուրույն սկսեցի ռուսերեն սովորել: Թույլ էի հատկապես դերասանի վարպետությունից: Ամռան ընթացքում 700 էտյուդ հնարեցի: Այս ամենը նոր ուսումնական տարում իր արդյունքը տվեց: Մայրս տարվա մեջ 2-3 անգամ գալիս էր Մոսկվա: Իհարկե, ես չէի ուզում նրան նեղություն պատճառել, բայց նա, սննդամթերք եւ անհրաժեշտ պարագաներ առած, գալիս էր եւ կերակրում ոչ միայն ինձ ու իմ կուրսեցիներին, այլեւ ամբողջ հանրակացարանին: Բոլորը շատ էին սիրում նրան: Ավարտելուց հետո Ենգիբարյանն ինձ առաջարկեց ներգրավվել Երեւանի կրկեսի կազմում: Այդպես իմ կյանքում սկսվեց մի նոր շրջան:
-Ձեզ մեծ ճանաչում բերեց դհոլներով համարը: Կպատմե±ք ինչպես ծնվեց այն:
-Մի շրջան տարվել էի Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նազի Շիրայի ձեռնածուական համարով, որի ընթացքում նա օգտագործել էր հայկական ֆոլկլորը: Սկսեցի, դուդուկ ու զուռնա նվագելով, ձեռնածուություն անել: Հետո ծնվեց կլառնետով համարը. ձեռնածուություն` անելով կլառնետը մասերի էի բաժանում ու հավաքում, որից հետո սկսում էի նվագախմբի հետ նվագել: Երբ ուսումնարանում զուռնա էի նվագում, բոլորը գլուխներն առած չգիտեին` ուր փախչեին: Մոսկվայում դհոլի դասատու գտա եւ սկսեցի պարապել: Դհոլները, որոնցից երկուսի վրա կանգնում էի, մյուսներով էլ ձեռնածուություն անում, շատ հաճախ ջարդվում էին: Խեղճ հայրս գրեթե ամբողջ աշխատավարձն ուղարկում էր Մոսկվա. վերջին կոպեկով անգամ գործիքներ էի գնում: Համարը ստեղծվեց մեծ ջանքերով, բայց դրա շնորհիվ շրջագայեցի շուրջ 80 երկրներում:
-Այսօր կրկեսին կից գործում է ստուդիա: Ձեր սաների շարքերում Դուք կրկեսի ապագա տաղանդներ տեսնո±ւմ եք:
-Այո, շնորհալի երեխաներ շատ ունենք: Ցավոք, շենքի պայմանները չեն ներում, բայց արդեն աջակիցներ ունենք. շուտով Երեւանի կրկեսը հիմնովին կվերանորոգվի, հուսանք` հայկական կրկեսի պատմության մեջ ծաղկման մի նոր շրջան կսկսվի:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության