Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսային արվեստի զարգացման համար պետությունը ոչ մի լումա չի ներդրել.
Սոս Պետրոսյան

 


NewsBook-ի զրուցակիցն է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
- Պարոն Պետրոսյան, ե՞րբ կավարտվի կրկեսի` 2014 թվականից մեկնարկած շինարարությունը:
- Ես, երևի, բոլորից շատ եմ սպասում, բայց, ինչպես ասում են, համբերությունը կյանք է: Ամեն դեպքում, շինարարության ավարտը նախատեսված է 2016 թվականի վերջ: Պետությունը չկարողացավ կրկես կառուցել, և Երևանին այսօր կրկես նվիրում է «Տաշիր գրուպ» ընկերությունը` լավ իմանալով հանդերձ, որ կրկեսը բիզնես շահույթ չի հետապնդում: 50 տարի աշխատում եմ կրկեսում, պետությունը ոչ մի լումա կրկեսային արվեստի զարգացման համար չի ներդրել: Մենք մեր հերթին վերջերս ստեղծել ենք կրկեսային գործիչների միություն, որի անդամ են աշխարհասփյուռ ավելի քան 3 հազար հայ դերասաններ: Նրանց մոտ 80 տոկոսն իմ աշակերտներն են: Միությունը կապեր ունի ոչ միայն այդ 3 հազար հայ դերասանների, այլև ամբողջ աշխարհի կրկեսային գործիչների հետ:
- Մինչ երևանյան կրկեսի շենքի շինարարությունը կավարտվի, և հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա կրկին վայելել կրկեսային ներկայացումները, ի՞նչ գործունեություն են ծավալում մեր դերասանները:
- Մեկնում են տարբեր երկրներ` հյուրախաղերի: Չկա կրկեսային մի դերասան, ով անգործ նստած է: Շատերը գիտեն, որ եթե կրկեսը քանդված է, դերասանները անգործ սպասում են: Բայց այդպես չէ` մենք հիմա էլ պարապմունքներ ենք անցկացնում այդ նպատակով վարձակալված տարածքում: Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցը ևս տեղավորվել է այդ տարածքում: Այս տարի մենք նշեցինք Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյակը` ամբողջ տարին նվիրելով իմ ուսուցչին: Ցավում եմ, որ պետությունը չնշեց նրա հոբելյանը: Միաժամանակ, ինչպես որ մեր կրկեսի դերասաններն են հյուրախաղերի մեկնում, այնպես էլ մենք ենք պայմանագրային հիմունքներով շապիտո կրկեսների հրավիրում Հայաստան: Այս անգամ, օրինակ, հրավիրեցինք «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` Սանկտ Պետերբուրգից` Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի շրջանակներում: Կրկեսը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Արցախում, իսկ հիմա շրջագայում է ՀՀ մարզերում:
- Պարոն Պետրոսյան, իսկ ո՞վ է այս ընթացքում հոգում Երևանի կրկեսի դերասանների աշխատավարձերի հարցը: Ի՞նչ ֆինանսական միջոցներից են նրանք վարձատրվում:
- Նրանք աշխատում են պայմանագրերով` ո՛չ պետությունը, ո՛չ էլ հովանավոր ընկերությունը վարձատրությունների հետ կապ չունեն:
- Խնդրում եմ տեղեկացնել Ձեր` որպես Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարի, առաջիկա անելիքները:
- Երկու օրից մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու այդ քաղաքի` 5 տարի տևած շինարարությունից հետո կրկեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միաժամանակ, կմասնակցեմ կրկեսային միջազգային ֆորումին, հանդես կգամ հայկական կրկեսի զարգացման թեմայով դասախոսություններով:
Հ.Գ. Եթե նախկինում Երևանի կրկեսը տեղավորում էր 1563 հանդիսատեսի, ապա վերակառուցումից հետո շենքը կունենա 2500 տեղ, բարձրությունը նախկին 18 մետրի փոխարեն կլինի 25 մետր` համապատասխան միջազգային ստանդարտներին:

 
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության