Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Երևանի կրկեսին սպասելիս

 


Երևանի կրկեսի կիսակառույց շենքին նայելով` անցորդներից մեկն իր ուղեկցին ասաց. «Ինչքան անցնում-դառնում եմ, այս շենքը դեռ կառուցում են ու վերջը չի երևում»:
Հետո երկուսով վերհիշեցին կրկեսային իրենց լավագույն հիշողությունները: Մեկը պատմեց, որ կրկես գնալիս ամեն կերպ փորձում էր առաջին շարքում նստել, որ «ծաղրածուները հենց իրեն նկատեին ու հրավիրեին մասնակցելու խաղերին»: Մյուսն էլ, թե. «Ինձ համար հատուկ արարողակարգ էր Ամանորին կրկես գնալը: Նստում էի ու անհամբեր սպասում` երբ բեմահարթակ կմտնեին արտիստներն իրենց կենդանիներով: Ու սկսում էի երևակայել` ինձ պատկերացնելով այդ արտիստների փոխարեն»:
Թեմային հետևելով` Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում կրկեսի շինարարության աշխատանքների ավարտը:
«Մեր տեղեկություններով` հաջորդ տարվա վերջին Կրկեսը շահագործման կհանձնվի: Բայց եթե մի քանի ամիս էլ ուշանա, խնդիր չէ, կարևորը միջազգային չափանիշներին համապատասխան կառույց կլինի։ Կրկես կառուցելը բարդ աշխատանք է, իսկ շինարարությունն իր բնականոն հունով է ընթանում»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նա պատմեց նաև, թե ինչու որոշվեց շենքը վերանորոգելու փոխարեն նորը կառուցել։ «Շենքը երկու անգամ է պայթեցվել` մի անգամ ներսը, հետո էլ` պատերը: Նախապես որոշված էր կրկեսը վերանորոգել, շինարարները շատ չարչարվեցին, սակայն վերականգնել չէր ստացվում, քանի որ կրկեսի շենքի տակ լիճ հայտնաբերեցին: Ջրահեռացման հատուկ սարքավորումներ բերեցին, ու հարցը լուծում ստացավ: Հետո որոշվեց, որ ավելի նպատակահարմար է շենքը քանդել ու նորը կառուցել»,-պարզաբանեց Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կրկեսն ունենալու է ժամանակակից տեխնիկական միջոցներ, գեղեցիկ բեմահարթակ, որը հնարավորություն կտա ցուցադրել «Կրկես սառույցի վրա» ու «Ջրային կրկես»: Պետրոսյանը գոհ է, որ այժմ Երևանի կրկեսը մասնավոր ընկերության հոգածության ներքո է:
«Պետությունը չկարողացավ կրկես պահել: Այն ժամանակ Հայաստանի մշակույթի նախարարությունը կարողանում էր միայն լույսի փող տալ, մնացած ծախսերն ինքներս էինք հոգում»,-ասաց Պետրոսյանը:
Երևանցիներն առանց կրկեսի են մնացել, սակայն կրկեսի արտիստները պարապուրդի մատնված չեն: Վերջերս նրանք Յուրմալայից Հայաստան են վերադարձել գլխավոր մրցանակով: Փառատոնին մասնակցել է ավելի քան 2000 ձեռնածու, և այստեղ աշխարհը ծանոթացել է կրկեսի հայկական մշակույթին։
Ակտիվ գործում է նաև կրկեսային ստուդիան, որի դռները բաց են բոլորի համար, կարևորը` անվճար։ Ինչպես նշեց կրկեսի տնօրենը, հարուստները կրկես չեն սիրում և կրկեսային արվեստից հեռու են մնում, իսկ ահա անապահով ընտանիքների երեխաները հաճույքով հաճախում են ստուդիա։

 
Աղբյուր` SPUTNIK
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության