Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Երևանի ապագա կրկեսը կտեղավորի 2250 հանդիսատես, այն կունենա 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ

 


 
Ագաթանգեղոս, 1 հասցեում գտնվող Երևանի կրկեսի նոր շենքի շինարարության ավարտին սպասում են դեռ 2011թ. սեպտեմբերից, երբ մեկնարկեց նախ շենքի վերանորոգումը, որի ավարտը նախատեսված էր 2014 թ. վերջին:
Սակայն հսկայական ներդրումներ կլանած վերանորոգման ընթացքում որոշվեց հին շենքի փոխարեն կառուցել նորը, և 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվեց: Շինարարության պատասխանատուները հրաժարվում են մատնանշել նորակառույց կրկեսի վերաբացման ժամկետները, սակայն «Արմենպրես»-ը մայրաքաղաքի ապագա կրկեսին վերաբերող մանրամասներ է ճշտել։
Նիկողայոս Բունիաթյանի հեղինակությամբ կառուցված Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ Այսօր «Տաշիր գրուպ»-ի ֆինանսավորմամբ կառուցվող շենքի ճարտարապետական խմբի ղեկավարն է Վահագն Վերմիշյանը:
«Վագ ինժեներինգ» ճարտարապետական ընկերության տնօրեն Վահան Բաղդասարյանի խոսքով, նախկինում 1700 հանդիսատեսի փոխարեն նոր շենքը նախատեսված է լինելու 2250 հանդիսատեսի համար:
«Կրկեսի տեխնիկական հագեցվածությունը նախատեսված է լինելու աճպարարների, ակրոբատների, ծաղրածուների ելույթների համար: Այդ նկատառումներից ելնելով կրկեսի ճարտարապետությունը մի փոքր փոխվեց և այն կլինի ավելի վեր խոյացող, քան նախնական տարբերակում: Նորը հիշեցնելու է կրկեսի նախորդ շենքը, սակայն լինելու է ավելի խոշոր և ժամանակից: Գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրի փոխարեն կհասնի մինչև 25 մետրի», - ասել Վահան Բաղդասարյանը:
Ճարտարապետական կազմակերպության ղեկավարը հավելեց, որ գմբեթը կառուցված է լինելու Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի համար կիրառված շինությունների գմբեթների ժամանակակից և բավականին ծախսատար տեխնոլոգիաների հիման վրա:
Հայաստանում առաջին անգամ նման տեխնոլոգիաներով ստեղծված տանիքի առավելությունը համեմատաբար փոքր քաշի դեպքում առավել ամրության ապահովումն է:
Կրկեսի ստորին հարկերից մեկում տեղակայված կլինի մանկական զվարճանքի կենտրոն, իսկ ստորին հարկում նախատեսված է մեքենաների կանգառ: Առաջին հարկի մի մասը ևս կապված է լինելու մանկական աշխարհի հետ:
«Սկզբում որոշված էր կատարել կրկեսի նախկին շենքի ուժեղացում, հսկայական ծավալի աշխատանք արվեց, ինչի ընթացքում մեծ անակնկալների հանդիպեցինք շենքի սեյսմակայունության մասով, ինչպես նաև տեխնիկական վիճակը շատ վատ էր ժամանակակից կրկեսային չափանիշների առումով: Արդյունքում որոշվեց լուրջ արդեն արված ներդրումները մի կողմ դնել և կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխանող, բարձր սեյսմակայունություն ունեցող շենք», - պատմել է «Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը:
Նախկինում շենքը զբաղեցնում էր 3000-3500 քմ, իսկ կառուցվողը կունենա 1000 քմ ավել մակերես: Արդյունքում շենքը ունենալու է 6 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ: «Երևանյան կրկես» ՍՊԸ գլխավոր ինժեները նաև տեղեկացրեց, որ ստորգետնյա -2 հարկը նախատեսված կլինի մոտ 100 մեքենաների կայանատեղիի համար: Դրա վերևի հարկը մասամբ նախատեսված է լինելու տեխնիկական տարածքների համար:
«Արենայի չափսի փոփոխություն չի լինի, քանի որ գոյություն ունի համաշխարհային ստանդարտ և այն պետք է ունենա 13 մ տրամագիծ, իսկ նստատեղերի քանակը բավականին կավելանա: Նստատեղերի շարքում նաև հատկացված կլինեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց սայլակների տեղավորման համար հատկացված հատվածներ: Կրկեսի շենքում կլինեն արագ սննդի կետ, մանկական սրճարան կամ մանկական զվարճանքի կենտրոն», - ասել է Ավագ Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի հարցին, թե կենդանիների համար ինչպիսի՞ պայմաններ են նախատեսված, Վահան Բաղդասարյանը նկատել է, որ «Տաշիր Գրուպի» ղեկավարը ցանկացել է, որպեսզի նորակառույց կրկեսը լինի աշխարհի լավագույն կրկեսներից մեկը, այդ առումով նա իր մատնանշել է մի քանի սկզբունքներ, որոնք համահունչ են այսօրվա համաշխարհային մակարդակի կրկեսների պահանջներին: Այսինքն՝ կենդանիները հնարավորինս նվազագույն քանակությամբ են լինելու, և հիմնական շեշտը դրվելու է աճպարարների ու ծաղրածուների վրա:
«Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, կենդանավարժ և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի տնօրեն Նաիրա Պետրոսյանի խոսքով, կրկեսախումբը այսօր հիմնականում բարեգործական համերգներով շրջագայում է մարզերում, այցելում զորամասեր:
«Երբ կրկեսը կանգնեց վերանորոգման, բոլոր կենդանիներին հանձնեցինք Երևանի, Հոկտեմբերյանի և Հրազդանի գազանանոցներ, քանի որ մինչև նոր շենքի շինարարության ավարտը դրանք արդեն ծերացած կլինեն: Ընդհանուր առմամբ կար քսանհինգ կենդանի՝ արջ, առյուծ, լամաներ, ջայլամներ, շնիկներ, այծիկ և այլն: Իսկ նոր կենդանիներ հավաքելը հնարավոր կլինի միայն կրկեսի շենքի շինարարության ավարտից հետո: Մեկ տարվա վարժանքներ պետք կլինեն դրանց ասպարեզ բաց թողնելու համար», - նշել է կենդանավարժը և գլխավոր ռեժիսորը:
Սակայն, եթե կենդանիներ վարժեցնողը համարում է, որ իր ապագա «արտիստներին» պատրաստելու համար բավարար է մոտ մեկ տարի, ապա աճպարարների, ակրոբատների և ծաղրածուների լիարժեք պատրաստման համար անհրաժեշտ են տարիներ: Հայաստանում այդ կադրերի պատրաստմամբ զբաղվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիան:
«Երևանյան կրկես»-ի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի խոսքով, իր կրկեսախմբի արտիստներից ոչ ոք պարապ չի մնացել՝ նրանք կամ արտագնա աշխատանքի են, կամ փոքր թատերախմբի բարեգործական համերգներով շրջում են Հայաստանի և Արցախի քաղաքներով ու զորամասերով:
«Մեր ստուդիա ընդունելությունն իրականացվում է կլոր տարի, կարող են դիմել օժտված երեխաները՝ սկսած վեց տարեկանից: Սակայն շատերը գալիս են, ընդունվում, բայց տեսնելով, որ դժվար է, գնում են: Ներկա պահին տարբեր տարիքային խմբերում ունենք ընդհանուր առմամբ մոտ հարյուր աշակերտ: Անցած տարի եկել են մոտ վաթսուն հոգի, ովքեր դեռ դիմանում են և պարապում: Երբ գալիս են մեզ մոտ, անկախ իրենց տվյալներից, ուզում են դառնալ Ենգիբարյան: Այնպես որ, ավելի շատ պահանջված է կլոունադան», - ասել է Սոս Պետրոսյանը:
1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Նիկողայոս Բունիաթյանի հեղինակած այդ շենքի փոխարեն 1939 թ. նույն տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։
Հետևաբար, մոտակա տարիներին ավարտին հասցված շենքը կդառնա մայրաքաղաքի կրկեսի շենքի թվով հինգերորդ տարբերակը:
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության