Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ` ԿՐԿԵՍԻ ՏՈՄՍԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՆԱ. Սոս Պետրոսյան

 


 
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն կրկեսի ժամանակակից շենքի բուն աշխատանքները, իսկ 2017 թվականին շենքը կհանձնվի շահագործման: Այսպիսով` 2014-ին մեկնարկած շինարարության ավարտի վերջնաժամկետը եւս մեկ անգամ հետաձգվեց: Կրկեսի վերակառուցմամբ զբաղվում է «Տաշիր Գրուպ»-ը: Աշխատանքները հետաձգվեցին, քանի որ որոշվեց, որ կրկեսի շենքի տակ լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի:
Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին պատմել է կրկեսի զարգացմանը միտված ծրագրերի մասին:
-Պարո՛ն Պետրոսյան, գիտենք, որ արդեն 2 տարի է` գրում եք մեր կրկեսի բացման հանդիսավոր արարողության սցենարը: Հետաքրքիր է` ի՞նչ հայտնի արտիստների եք հրավիրելու:
-Չեք պատկերացնի, թե դա ինչ տպավորիչ միջոցառում է լինելու… Եթե նախկին կրկեսում հնարավոր չէր հանդես գալ լայնամասշտաբ ներկայացումներով, օրինակ` կրկեսը` սառույցի վրա, կրկեսը` ջրի մեջ, չկային օդային ատրակցիոններ, ապա այժմ իրավիճակը փոխվել է: Մասնագետները կկարողանան ներկայանալ իրենց ամբողջ հնարավորություններով: Մենք բացման արարողությանը հրավիրել ենք, օրինակ, Բաղդասարովների կրկեսային հայտնի դինաստիային, կենդանավարժ Տիգրան Հակոբյանին, իմ դինաստիայի անդամներին:
Տղաս, ով ապրում է Գերմանիայում, կօգնի ինձ, որպեսզի Եվրոպայից էլ հյուրեր ունենաք: Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կրկեսային գործիչների միության հավաքը, որի ընթացքում որոշվեց, թե բացման արարողությանը որ դերասաններն են հանդես գալու: Միության կազմում կան ավելի քան 3 հազար հայ դերասաններ ամբողջ աշխարհից: Նրանք բոլորը պատրաստակամ են անշահախնդիր մասնակցելու այդ միջոցառմանը, բայց հո չե՞նք կարող բոլորին ընդգրկել:
-Այդքան կրկեսի դերասան ունենք, բայց քչերն են հանրությանը հայտնի…
-Մեկը մի տեսահոլովակ է նկարահանում, մի հեռուստաընկերությունից մյուսն են կանչում, բայց իսկական արվեստագետներին ժողովուրդը չի ճանաչում: Այդ 3 հազար դերասաններից առնվազն 2 հարյուրը ամեն օր բարձր են պահում մեր երկրի անունը արտերկրում, անընդմեջ հյուրախաղերի են, օրեցօր նոր հաջողություններ են գրանցում: Նախորդ տարի նույնիսկ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց:
Մենք, իհարկե, Մնջախաղի թատրոնի հետ նշեցինք այդ հոբելյանը, դրա շրջանակներում հրավիրեցինք «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` Սանկտ Պետերբուրգից: Այն հյուրախաղերով հանդես եկավ Երեւանում, Արցախում, ՀՀ մարզերում:
-Տարբեր առիթներով շեշտել եք, որ կրկեսի դերասաններն այս ընթացքում անգործ նստած չեն, հիմա էլ պարապմունքներ են անցկացնում այդ նպատակով վարձակալված տարածքում: Հետաքրքիր է` այդ վարձակալության գումարն ո՞վ է վճարում: Պետությունը չկարողացավ կրկես կառուցել, գուցե նման հարցերում աջակցո՞ւմ է:
-Դե, տեսնո՞ւմ եք` այդ գումարն էլ, մարզիչների գումարն էլ հովանավորն է տալիս…
-Իսկ հնարավո՞ր է, որ կրկեսն էլ երբեւէ բիզնես շահույթ հետապնդի, օրինակ` այդ նպատակով տոմսերը թանկանան:
-Ես վերջերս ուսումնասիրում էի, թե ինչ արժե կրկեսի տոմսը, օրինակ` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Պարզվեց` այնտեղ դրա գինը սկսվում է 30 դոլարից` հասնելով 100 դոլարի: Բայց Հայաստանում մենք մեզ չենք կարող նման բան թույլ տալ. մեր ժողովուրդը վճարունակ չէ: Հովանավորն ասում է, որ կրկեսի տոմսերը չեն թանկանալու:
-Պարո՛ն Պետրոսյան, բացման արարողությունից հետո մեր կրկեսի զարգացմանը միտված ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կան: -Միջազգային կրկեսային լիցենզավորված փառատոն կազմակերպելու ցանկություն ունեմ, երեւի կրկեսի բացումից մեկ տարի անց արդեն այն կյանքի կկոչեմ. թույլտվությունն արդեն ունեմ: Բացի այդ` ուզում եմ այս տարի թատերական ինստիտուտին կից բացել կրկեսի ռեժիսուրայի եւ կրկեսային գործի կառավարման բաժին. նոր կրկեսում մեզ պետք կլինեն նոր մասնագետներ: Ես արդեն դիմել եմ կրթության եւ գիտության նախարարություն, մտադիր ենք հատուկ կուրս բացել: Թատերական ինստիտուտի շատ շրջանավարտներ այսօր աշխատելու տեղ չունեն, իսկ մենք կընձեռենք այդ հնարավորությունը:
Աղբյուր`
 
 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության