Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա». Սոս Պետրոսյան

 


 

Երեւանի կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան ստուդիան մի քանի պրոֆեսիոնալ արտիստների հետ, որոնք աշխատում են արտասահմանյան կրկեսներում, վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ ներկայացել է բարեգործական համերգներով: Շուրջ 20 երիտասարդ արտիստ 2 ժամանոց ծրագրով մեր զինվորների համար ելույթներ են ունեցել Մարտակերտում, Քարվաճառում, Ասկերանում, Ստեփանակերտում եւ այլ վայրերում: «Սցենարը գրեցի ես, իսկ համերգների բեմադրիչը Երեւանի կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանն էր: Զգացինք, որ զինվորները կարոտ էին նման ներկայացումների: Մենք եղանք նաեւ գյուղերում, որտեղ երբեւէ կրկես չէր այցելել: Հայտարարեցինք, որ մեր ստուդիա-դպրոցում ուսումն անվճար է: Տեսնեիք` երեխաները ոնց էին ոգեւորվել: Արդյունքում նրանցից մի քանիսը վերջերս այցելեցին ստուդիա` ցանկություն հայտնելով սովորել մեզ մոտ: Հիմա հնարավոր է` Արցախում ստուդիայի մասնաճյուղը բացենք, մարզիչներ ուղարկենք, տեսնենք` ինչպես կստացվի»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ստուդիա-դպրոցի հիմնադիր Սոս Պետրոսյանը: 
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջին անգամ` 2016-2017 թթ.ուս. տարում, Հայաստանում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից բացվում է կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրայի կուրս: Սոս Պետրոսյանը խոստացավ, որ բոլոր ուսանողները կապահովվեն աշխատանքով: «Մեր կրկեսում մասնագիտական բարձրագույն կրթություն ունենք միայն ես եւ Նաիրա Պետրոսյանը: Այնինչ` մեզ հարկավոր են կրկեսային գործի կազմակերպիչներ, գրագետ մենեջերներ եւ մի շարք այլ մասնագետներ: Նախատեսում ենք ունենալ շուրջ 15 հոգանոց կուրս»,-ասաց նա: Ի դեպ, պարոն Պետրոսյանը հայտնեց, որ վերջերս 10 օրով Հայաստան էր այցելել ՌԴ ժողովրդական արտիստ, Եկատերինբուրգի պետական կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Անատոլի Մարչեւսկին: «Նա եկավ, ուսումնասիրեց մեր կրկեսը, որտեղ տարվում են շինարարական աշխատանքներ, եւ որի նոր շենքը շահագործման կհանձնվի 2017-ի վերջին, խորհուրդներ տվեց ճարտարապետին, կոնստրուկտորին, ապա վարպետաց դասեր տվեց մեր ստուդիայում: Նա խոստացավ, որ տարին երկու անգամ իր մասնագետներով կայցելի մեզ, հանդես կգա հատուկ դասընթացներով, իսկ նոր բացված կուրսի ուսանողներին երկրորդ կուրսի առաջին կիսամյակից կտանի Եկատերինբուրգի կրկես, որտեղ նրանք հնարավորություն կունենան առնչվելու կրկեսային գործի հետ, իրենց աչքերով տեսնելու, թե ինչպես է, օրինակ, գրվում սցենարը, բեմադրվում ներկայացումը եւ այլն»,- եզրափակեց Ս. Պետրոսյանը: 


Աղբյուր՝

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության