Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Կրկեսն ուրիշ բան է

 


   
Նախ մի փոքրիկ «քննություն» հանձնեցի՝ ինչ գիտեմ—չգիտեմ կրկեսի, կրկեսի պատմության ու դերասանների մասին։ Պայմանավորված զրույցից առաջ Երեւանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի նախաձեռնած այդ փուլը կարծես թե «անցա»։ Այլապես մեր զրույցը չէր կայանա, համենայն դեպս, այդպես եմ ենթադրում։
Այսպես, սկսեցինք ամենասկզբից՝ ազգային կոլեկտիվի կայացումից, որի, ինչպես ասում են, գլխավոր մեղավորը 1956թ. Մոսկվայում կայացած «Արվեստի տասնօրյակն» էր։ Տասնօրյակի ընթացքում պետք է ներկայացվեին մշակույթի, արվեստի բոլոր ճյուղերը։ Միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը պատմում է. «Մտածեցին՝ կրկեսը նույնպես պետք է մասնակցի։ Բայց կրկեսային ազգային խումբ չկա. ի՞նչ անել։ Մոսկվայից այստեղ հրավիրեցին Վաղարշակ Արզումանյանին, ի դեպ, նրա հնարքը ոչ ոք չի կրկնել։ Միակ մարդն էր, ով կրկեսի գմբեթից գլխիվայր իջնում էր ներքեւ։ Նա եկավ ու շուրջ 20 մարզիկից կրկեսային համույթ ստեղծեց, որը 1963թ. ստացավ վաստակավոր կոլեկտիվի կոչում»։ Կոչման մասին հրամանը Պետրոսյանի մոտ է։ Տանն է պահում, որ հետո կրկեսի նոր շենքի թանգարանում ներկայացնի։
«Այդպես ստեղծվեց կոլեկտիվը»,—ամփոփում է վարպետն ու ընդգծում, որ արդեն 60—ականներին կոլեկտիվ մտավ մեծն Լեոնիդ Ենգիբարյանը։ Տարբեր տարիներին շատ դերասաններ են եղել։ Ս. Պետրոսյանը հպարտանում է. «Ինձ նույնպես բախտ է վիճակվել երկար տարիներ աշխատել հայկական կրկեսային կոլեկտիվում»։
Այսօր էլ Սոս Պետրոսյանի նախաձեռնությամբ կրկեսային ավանդույթները շարունակվում են։ Լեոնիդ Ենգիբարյանի մահից ընդամենը մի քանի ամիս հետո, նրա անունը վառ պահելու համար, Պետրոսյանը հիմնում է Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոցը։ Դպրոցը գործում է մինչ օրս, ընդ որում՝ կրթական ծրագիրն իրականացնում է անվճար։ Այն արդեն ավելի քան 3000 աշակերտ է ունեցել։ 

Մանեժ՝ միայն «Ռեկորդ»  հեռուստացույցով, մինչեւ որ…

Պետրոսյանը Պետրիաշվիլի չդարձավ. ֆուտբոլով զբաղվող Սոսին առաջարկել էին ազգանունը փոխել։ Ծնողները, սակայն, թույլ չտվեցին, թեեւ այն ժամանակ Վրաստանում ազգանուն փոփոխելու երեւույթ կար։ 
Հապա պատկերացրեք Թիֆլիսում ծնված ազգությամբ հայ Պետրիաշվիլի կամ Պետրոսյան ազգանունով ֆուտբոլիստ, պարող, երգիչ, կամ մարզիկ։ Պատկերացումը իրականություն դառնալու բոլոր շանսերն ուներ։ Բանն այն է, որ Սոս Պետրոսյանը մինչեւ կրկես մուտք գործելը զբաղվել է գրեթե ամեն ինչով։ Ու այդ զբաղմունքներից որեւէ մեկը հավանաբար կընտրեր որպես մասնագիտություն, եթե, իհարկե, չտեսներ «Ճանապարհ դեպի կրկես»՝ իր համար ճակատագրական ֆիլմը։ «6—րդ դասարանում էի։ Ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ 300—350 անգամ նայեցի, նայեցի ու սիրահարվեցի կրկեսին, Ենգիբարյանին։ Բայց որտե՞ղ սովորել. ոչ խմբակ կար… Մեկ հատ «Ռեկորդ» հեռուստացույց կար, որով մի քանի անգամ կրկեսային ներկայացում են ցույց տվել»։
Հարցի պատասխանը հենց ինք էլ տալիս է՝ դառնալով ինքնուս։ Ու մի օր էլ ազդագրերում կարդում է Թիֆլիսում հայկական կրկեսային կոլեկտիվի հյուրախաղերի մասին։ 
«Արդեն կենդանի կրկես տեսա։ Գումար չունեի, դարպասներից թռնում, նայում էի։ Ենգիբարյանին էլ մոտենում էի, ասում էր՝ այս երեխավ ո՞վ է, ես ժամանակ չունեմ։ Ինձ չէին թողնում մոտենալ նրան, ցույց տալ այն, ինչ կարող էի։ Հորս ասում էի՝ ինձ տար Ենգիբարյանի մոտ։ Մի խոսքով, հայրս մի օր եկավ ու տեղեկացրեց, որ Ենգիբարյանն ինձ կանչում է։ Գնացի, ցույց տվեցի՝ վեց հատ գնդակ, կրակներ էի գցում, ասաց՝ ապրես, բայց պարապիր։ Մեկ ամիս նորից չկանչեց, հետո հայրս եկավ, թե՝ նորից է կանչում։ Մեկ անգամ եւս կարողություններս տեսնելուց հետո ասաց՝ գնա, ընդունվիր Մոսկվայի կրկեսային ուսումնարան։ Կլինես այնտեղ սովորող երկրորդ հայը»,—դեպի կրկես իր ճանապարհը ներկայացրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահը։
Լեգենդար ծաղրածուի «մատը» Պետրոսյանին վերաբերող մեկ այլ հարցում էլ էր «խառը»։ Ահա թե ինչպես. կրկեսի ղեկավարի բնորոշմամբ, իր հայրը խորամանկ մարդ էր, Ենգիբարյանին տեղեկացնում է, որ որդին վատ է սովորում դպրոցում։ Նա էլ կրկեսային ապագա գործչի առաջ հետեւյալ պայմանն է դնում. «Միայն ոսկե մեդալ»։ Իրեն վերագրված առաքելությունը Պետրոսյանն իրականացնում է ինչպես հարկն է։
Կրկեսի, էստրադայի եւ կինոյի հայ դերասան, ծաղրածու եւ մնջկատակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանն ու Պետրոսյանը հետո մեկ այլ հանդիպում էլ են ունենում, այս անգամ կրկեսային ուսումնարանի ավարտական քննությունների ժամանակ։ Համակուրսեցուց՝ Ալլա Պուգաչովայից տեղեկանալով լեգենդար հայի գալու մասին, Սոս Պետրոսյանը մտքերի մեջ է ընկնում՝ արդյո՞ք իրեն կհիշի։ «Վեց դհոլների համարը ներկայացրեցի։ Հիմա գնացել եմ, վախից մտել եմ գրիմանոց, ու էլի Ալլան եկավ՝ Սոս, Ենգիբարովը քեզ է փնտրում»։ Փաստորեն, Լեոնիդ Ենգիբարյանը հիշել էր դերասանին։ «Դու այն նույն երիտասարդն ես»,—ասել էր նա։
Այդտեղից էլ սկսվում է պրոֆեսորի գործունեությունը հայկական ազգային կոլեկտիվում։ Նա Ենգիբարյանի հետ աշխատում է մինչեւ կրկեսի հսկայի կյանքի ավարտը։ Սոս Պետրոսյանը հպարտանում է, որ նրանից շատ բան է սովորել. «Առանց ինձ ոչ մի տեղ չէր գնում։ Ես իր օգնականն էի։ Ասում էր՝ Սո՛ս, սա վերցրու, գնում ենք այստեղ, գնում ենք այնտեղ»։
Մի օր էլ էլի լեգենդար ծաղրածուն դիմում է նրան, թե Սո՛ս, գործիքներս վերցրու, գնում ենք օպերա։     Այդ ժամանակ Բրեժնեւն էր եկել, ու Ենգիբարյանից համար էին ուզել։ Նա էլ մեդալների համարն էր նախատեսել, բայց կազմակերպիչները կարծել են՝ ներկայացումը Բրեժնեւին դուր չի գա. նա ինքն էր ամբողջությամբ մեդալների մեջ։ 
Ենգիբարյանն էլ հակադրվելով, հետ է դառնում՝ չմասնակցելու որոշմամբ։ «Բայց երեկոյան Կամո Ուդումյանն ու Հրաչյա Ղափլանյանը եկան նրա մոտ, համաձայնություն հայտնեցին։ Ենգիբարյան էլ նորից՝ Սո՛ս, գնացինք։ Իսկ համարը որ չներկայացրեց, էս Բրեժնեւը ծիծաղից մեռավ,–հիշում է միջազգային մրցույթների դափնեկիրն ու ավելացնում, որ արտիստի որոշ իրեր մինչ օրս պահպանել է։–Երբ փորձ էր անում, կանգնում էի կողքին։ Գլխարկը պատռվում էր, կոշիկները, շարֆը գցում էր, ես բոլորը հավաքում էի, կարծես գիտեի, որ մեծություն է դառնալու։ Պահպանել եմ մինչեւ հիմա»։

«Ընկե՛ր Սոս, մի բան ցույց տուր». երբ հավաքվում է կրկեսային ընտանիքը     

«Ես իմ դինաստիայի ներկայացուցիչներին «ներարկեցի», որ դառնան կրկեսի դերասաններ»,—նշում է Սոս Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հետնորդներին։
Այսպես, որդին ու հարսը՝ Սոս ու Վիկտորյա Պետրոսյանները, Գինեսի քառակի ռեկորդակիրներ են։ Ինչպես պապն է կոչում, Սոսիկը՝ Սոս 3—րդը, «Աշխարհի լավագույն երիտասարդ իլյուզիոնիստ—մոնիպուլյատոր» մրցանակն է ստացել։ Սոս ավագը հպարտորեն ընդգծում է նաեւ.  «Նա 9 լեզու գիտի։ Տիգրանն էլ՝ փոքր եղբայրը, գեղարվեստական ֆիլմերում է նկարվում»։
Ու կրտսերները, երբ հավաքվում են, դիմում են ավագին. «Ընկե՛ր Սոս, մի բան ցույց տուր»։     

Զուռնաչին կխմեր ու կնվագեր, բայց կրկեսի դերասանի մոտ մի բան այն չէր լինի 

«Եթե չնվիրվես, ամբողջ օրը չպարապես, կրկեսի դերասան չես դառնա։ Կրկեսն ուրիշ բան է»։ Կրկեսի դերասան դառնալու ցանկության դեպքում Սոս Պետրոսյանի այդ խոսքերը պետք է նկատի ունենալ։ 
Նա նկատում է նաեւ՝ կրկեսային հնարքը սպորտի պես է, ոչ միշտ է ստացվում։ Իր օրինակով է ներկայացնում կրկեսային դժվարությունները. «Թվում է՝ միլիոն անգամ արել ես, բայց դուրս ես գալիս բեմ ու չի ստացվում։ Աշխարհում 7 գլխարկ առաջինը ես եմ գցել։ Գցում եմ՝ ստացվում է, դուրս եմ գալիս բեմ, ընկնում է. այդ ի՞նչ բան է։ Ենգիբարյանն ինձ սովորեցնում էր, ասում էր՝ մկանային համակարգդ թուլացրու։ Պետք է մի քանի ժամ փորձ անել, ձեռքերը տաքացած դուրս գալ։ Սառած չի կարող գցել։  Աշխարհի ավելի քան 100 երկրում ներկայացրել եմ հայկական օրերը, դհոլների համարով շատ եմ հյուրախաղերի գնացել։ Հիմնականում հավաքական խմբերում էի, բարի նախանձով էի հետեւում՝ համերգից մեկ ժամ առաջ գալիս էին, հագնվում ու բեմ դուրս գալիս։ Իսկ ես 8 ժամ առաջ գալիս էի, որովհետեւ դհոլները տաքացնել էր պետք»։
Այդ ամենն ասում է ու մեկ էլ հիշում՝ 1974թ. Մոսկվայում միջազգային մրցույթ էր՝ ինքն էլ էր ելույթ ունենալու։ Իր հետ նաեւ զուռնա նվագողներ էր տարել։ Նրանցից Վաղոյի մասին է պատմում. «Զուռնաչի Վաղո ունեինք, ասաց՝ ա՛յ տղա, մի քանի գրամ կոնյակ խմիր, դողում ես, էս ինչո՞ւ ես վախենում։ Խմեցի, արդեն այն չէր, բայց անցա երկրորդ փուլ։ Ու ես այդտեղ զգացի, որ խմել չի կարելի։ Վաղոն խմում ու նվագում էր՝ տրնգի, այնպես ուրախ, բայց ինձ էլ ստիպեցին՝ մեկ հատ խմեցի, դարձա կրակ, դուրս եկա գլխարկները հինգ հատ էին երեւում։ Մի քանի հատն ընկավ, թեեւ դա չխանգարեց»։ 

Կրկեսը կար՝ կրկեսի շենքը չկար

«Հին կրկեսը. «100» տարի է՝ այնտեղ ղեկավարում եմ։ Ծեփերը թափվում էին։ Ինչ հիվանդություն ասես, այնտեղ ունեցա։ Բայց չեմ թողել մի օր աշխատանքները կանգ առնեն, նույնիսկ արցախյան պատերազմի ժամանակ։ Չկա մի տեղ, որ մեր ստուդիայի սաները բարեգործական հիմքունքներով ելույթ չունենան։ Դերասանը համերգներով է աճում։ Ու պատահական չէ, որ մակագրելիս ես կրկեսային առողջություն եմ մաղթում։ Հիմա էլ չկա մի ամիս, որ բարեգործական համերգներով չգնանք Ղարաբաղ, Սյունիք, Լոռի, Արագածոտն, ամիսը մի քանի անգամ՝ անվճար։ Շատերը գիտեն, թե շենքը քանդվել է, մենք էլ նստած սպասում ենք»,—նկատում է կրկեսի ղեկավարն ու տեղեկացնում, որ դերասանները հյուրախաղերի են։
Բայց նոր շենքից հետո ծրագրերի մասին փակագծերը չբացեց։ Միայն նշեց, որ սցենարն արդեն գրել է, սցենարի վրա աշխատում է։ Հավատացնում է՝ լավ գիտի, թե ինչ է պետք մեր կրկեսին, լավագույն գաղափարները կներդնի. «Կրկեսի նոր շենքում մենք էլ պետք է նորովի աշխատենք։ Այնպես որ, այնպես եմ անելու, որ կրկեսի աշխատանքները մեկ օր չկանգնեն, ու չեն էլ կանգնել։ Այնպես կանենք, որ երեք ամիսը մեկ ծրագիրը փոխվի։ Իսկ բացմանը հայ դերասաններից բացի, կմասնակցեն նաեւ աշխարհի լավագույն դերասանները»։ 
Կրկեսի բացմանը, գեղարվեստական ղեկավարն ասում է, որ բոլորն են ուզում ներկա լինել։ Ահա թե ինչու, բացման համար երկու անգամն էլ բավարար չի համարում՝ 100 անգամ է պետք։ Բայց նոր շենքի շինարարական աշխատանքները, Պետրոսյանը ենթադրում է, որ այս տարի էլ չեն ավարտվի, թեեւ զգալի աշխատանքներ արդեն իրականացվել են։ Ըստ նրա, շենքը պատրաստ կլինի մոտավորապես մյուս տարվա կեսին. «Կրկեսի շենքը բարդ աշխատանք է ենթադրում՝ գորգեր, օդային հատուկ սարքավորումներ»։ 
Այդ բարդ աշխատանքների մեջ, սակայն, մի բան արդեն հստակ որոշված է՝ Ենգիբարյանի արձանը նորից իր տեղում է լինելու։
Հ. Գ. Արդեն սկսվել է կրկեսի արտաքին ապակե կառուցվածքների տեղադրումը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության