Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

Ս. Պետրոսյան. «Ենգիբարյանի մեծությունն էր ստիպում մտածել, որ ինձանից հազար տարի մեծ է»

 


 
Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։
Միջոցառումը սկսվեց` մեկ րոպե լռությամբ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Ի դեպ, երեկոյին հատուկ համար ներկայացվեց` նվիրված Ազնավուրին:

Կրկեսի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի հատուկ հյուրերն էին «Արագ փոխակերպման» վարպետներ, Գինեսի ռեկորդակիրներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները: Սոս Պետրոսյան կրտսերի, հարսի` Վիկտորիա Պետրոսյանի հետ ելույթ ունեցան նաեւ նրա թոռները։

«Երբ քսան տարեկանում աշխատում էի հայկական կրկեսային կոլեկտիվում, Լեոնիդ Ենգիբարյանը 35 տարեկան էր: Նայում էի նրան ու մտածում, որ նա շատ մեծ է: Հավանաբար, պատճառը տարիքը չէր. նրա մեծությունն էր ստիպում մտածել, որ Ենգիբարյանը ինձանից հազար տարի մեծ է: Ասում էի, որ ես էլ կդառնամ 35 տարեկան, իսկ հիմա 70 եմ»,- ընդգծեց Պետրոսյանը՝ խոստովանելով, որ չի  էլ պատկերացնում, որ արդեն 70 տարեկան է:

Ս․ Պետրոսյանը լրագրողների հետ նաեւ անկեղծացավ՝ նշելով՝ ցանկությունը մեծ է եղել, որ 70-ամյակը նշվեր կրկեսի նորաբաց շենքում, սակայն այն դեռեւս կառուցման փուլում է, եւ կրկեսի դերասանները որոշել են դահլիճում նշել հոբելյանական երեկոն։

Սոս Պետրոսյանը կրկեսի մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ է: Այս տարի նա հրատարակել է «Հայկական կրկես» գիրքը, որտեղ ներկայացվում է հայկական կրկեսի ողջ պատմությունը: «Սա իմ ամենախոշոր գիրքն է` հագեցած բազմաթիվ լուսանկարներով։ Գրքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Լեոնիդ Ենգիբարյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց արտիստը՝ հույս հայտնելով, որ կրկեսի 85-ամյակը հնարավոր կլինի անցկացնել կրկեսի նոր մասնաշենքում:

ERITASARD

 

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության