Գլխավոր էջ
Աֆիշ
Նորություններ
Արխիվ
Կոնտակտ

«Կրկեսի շենք կառուցելը հեշտ գործ չէ, նույնիսկ տեխնիկական անվտանգության գծով Մոսկվայից հյուրեր ենք կանչում, որպեսզի խորհուրդներ տան». Սոս Պետրոսյան

 


 

Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։

Միջոցառումը կմեկնարկի մեծ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով, այնուհետև կրկեսի արտիստները հանդես կգան ներկայացմամբ՝ նվիրված Շ. Ազնավուրի հիշատակին։
Սոս Պետրոսյանն անկեղծանում է և խոստովանում, թե չի պատկերացնում, որ արդեն 70 տարեկան է:

«Երբ ինձ ասում են՝ 70 տարեկան, անմիջապես հիշում եմ մեծն Լեոնիդ Ենգիբարյանին, երբ եկա կրկես, 20 տարեկան էի, իսկ նա՝ 35։ Ամեն անգամ Լեոնիդ Ենգիբարյանին տեսնելիս՝ ասում էի՝ ինչ մեծ է։ Երևի զարմանում էի ոչ թե նրա տարիքի, այլ մեծության վրա։ Այդ ժամանակ ինձ համար մի քիչ անհավատալի էր, որ կդառնամ նրա տարիքին՝ 35 տարեկան, բայց այսօր 70 տարեկան եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սոս Պետրոսյանը։

Ըստ նրա, ցանկությունը մեծ է եղել, որ 70-ամյակը նշվեր կրկեսի նորաբաց շենքում, սակայն այն դեռևս կառուցման փուլում է, և կրկեսի դերասանները որոշել են դահլիճում նշել հոբելյանական երեկոն։

«Իմ որդին և հարսը նույնպես եկել են Հայաստան, նրանք գինեսի ռեկորդակիր են, եթե այժմ Ռուսաստանից որևէ կրկեսի դերասան Հայաստան գար, բոլոր հեռուստաընկերություններով կանդրադառնային, հյուրանոցներ կապահովեին, բայց որդիներս այսօր Հայաստանում են, և որևէ մեկը չի անդրադառնում նրանց։ Երկու օրով են եկել՝ իրենց հաշվին»,- նշեց Ս. Պետրոսյանը։
Նշենք, որ վերջերս Սոս Պետրոսյանը հրատարակել է կրկեսի պատմությանը նվիրված «Հայ կրկես» գիրքը, որտեղ մեծ տեղ է հատկացրել նաև Լեոնիդ Ենգիբարյանին, ով, Ս. Պետրոսյանի բնորոշմամբ, եղել է կրկեսի միակ աստղը։

168.am-ը կրկեսի գեղարվեստական ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում կրկեսի շենքի կառուցման շինաշխատանքները, և երբ այն պատրաստ կլինի։

Սոս Պետրոսյանը նշեց, որ այս պահին մեծ թափով աշխատանքներ են ընթանում, և հուսով է, որ ամենաուշը մեկ տարուց շենքը պատրաստ կլինի շահագործման։
«Այս պահին կիսատ է մնացել ներքին հարդարման աշխատանքները, կարևորը՝ շենքը կա։ Կրկեսի շենք կառուցելը այդքան էլ հեշտ գործ չէ, այն յուրահատուկ է, նույնիսկ տեխնիկական անվտանգության գծով Մոսկվայից հյուրեր ենք կանչում, որպեսզի ուսումնասիրեն, մեզ խորհուրդներ տան, որից հետո միայն սկսում ենք աշխատել»,- ասաց Ս. Պետրոսյանը։

Հարցին, թե արդեն որոշե՞լ են՝ ինչ ներկայացմամբ են բացելու կրկեսի շենքը, Ս. Պետրոսյանը նկատեց, որ ծրագիրն ու սցենարը հստակ կա, մնում է շենքը պատրաստ լինի։
Ս. Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ կրկեսի դերասաններն այս տարիների ընթացքում անգործ նստած չեն եղել, հյուրախաղերով հանդես են եկել տարբեր երկրներում։

Զվարթ Խաչատրյան

 

 

 
© 2008 ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԿԵՍ, Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության