Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում կրկեսի բացման կոնկրետ ժամկետ չկարողացավ նշել: «Այս տարի, իմ կարծիքով, բացում չի լինի»,-ասաց նա: Նա նշեց, որ չի ցանկանում կոնկրետ ժամանակ նշել, քանի որ, եթե որոշակի ժամկետ նշի, ապա կարող է որոշակի փոփոխություններ առաջանան, և երկարի ժամանակը: «Բարդ կառույց է, կարող է որոշակի տեխնիկական փոփոխություններ լինեն»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, և ինժեներիայի աշխատանքներն են մնացել` կոյուղի, օդափոխություն, հարդարման աշխատանքներ:
Դիտարկմանը, թե նախկինում էլ նշել էիք, որ արտաքին աշխատանքներն են մնացել իրականացնելու, Ավագ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, ծրագրվածով իրականացնում են: «Ամեն ինչ նորմալ կատարվում է, ձգձգում չկա: Այսօրվա աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաներն օգտագործում են»,-ասաց նա:
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով` հոկտեմբերի 6-ին, լրանում է իր 70-ամյակը և շատ կցանկանար նշել Կրկեսում: «Ամբողջ կյանքս կրկեսում եմ եղել, երազում էի, որ հոբելյանս լիներ կրկեսում: Ցավոք սրտի, կրկեսը պատրաստ չէ, բայց մենք մեծ շուքով նշելու ենք Առնո Բաբաջանյան դահլիճում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կրկեսի շենքում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից: Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, որ Կրկեսի շինարարական աշխատանքներն ավելի վաղ էին ավարտվելու: