ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՐԿԵՍ
Դարերից եկող ազգային կրկեսային կատարողական լավագույն ավանդույթներն իրենց զարգացումն են գտել Սովետական Հայաստանում: Կրկեսի հայ արտիստները մինչև 1956-ը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զարգացման կոլեկտիվներում:
Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը: XX դ. սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են Ա. Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Ռ. Մանուկյանն առաջինն է արժանացել ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման):
1956-ին, հայկական արվեսստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961-ից՝ Երևան), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչվաճ էկվիլիբրիստ Վ. Արզումանյանը: Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը: Կոլեկտիվում իր ստեղծագործությամբ որոշակի տեղ ուներ ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Ն. Շիրայը:
Տրյուկը և կերպարը ճշգչիտ գոյակցել են ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ա. Մաղդասյանի «Բրոնզե մարդիկ» համարում, որը ներկայացվել է խմբային ակրոբատիկայի ժանրով:
Ուժային ակրոբատիկայի ժանրում հաջողությամբ հանդես են եկել Ռ. Մանասարյանը և Ռ. Կասեևը: Պլաստիկ էտյուդով ելույթ է ունեցել Ն. Պապյանը, վարժեցված շնիկներով` Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ Շ. Գևորգյանը, ծաղրածուական համարներով` Ռ. Հարությունյանը և Լ. Միներելյանը:
ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Ս. Իսահակյանը սովետական կրկեսի նոր ուղղության վարժեցնողն է: Նրա «Կենդանիների խաղը խումբ» ատրակցիոնի հիմքը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս Քաջ Նազարի արկածներն են:
Հայկական կրկոսի կոլեկտիվի լավագույն համարները մտել են սովետական կրկեսի հավաքական ծրագրի մեջ: Օդային մարմնամարզուհի ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Ե. Ավանեսովայի համարներն աչքի են ընկել կատարման բարձր տեխնիկայով: Իրենց ինքնատիպ արվեստով առանձնանում են Ի. Շեստուան և Ասատրյան եղբայրները:
Հայկական կրկեսի և թատրոնի ավանդույթները խիստ կապված են միմյանց: Թատրոնը կրկեսից ժառանգել է կատարյալ տեխնիկա, ճշգրտություն, կրկեսը թատրոնից` համարների թեմատիկ բնույթը: Լարախաղացների արվեստը թատրոնի և կրկեսի դարավր կապի վկայությունն է:
Հայկական կրկեսի լարախաղացներ Գ. Գրիգորյանի, Ս. Մինասյանի, Ն. Մանուկյանի, Ա. Ղարիբյանի ելույթներն ուղեկցվել են հայկական ժողովրդական գործիքների նվագակցությամբ: Կրկեսային արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկների (ղեկ. Հ. Խասխազյան) և ակրոբատ- ցատկորդների (ղեկ. ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Ա. Դուդուկչյան) խմբերը:
Երկար տարիներ հայկական կրկեսի կոլեկտիվում է աշխատում ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Բ. Ղազարյանը (1973-ից` հայկական կրկեսի կոլեկտիվի ղեկ.): Նա ղեկավարում է «Ակրոբատներ գնդերի վրա» համարը, ուր դրսևորված է սպորտի անխզելի կապը կրկեսի հետ: Նորարար արտիստ Վ. Բենյամինովը (Բենյամինյան) մշակել է «Անցասանդուղք» ինքնատիպ տրյուկային համարը:
Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստներ, եղբայրներ Մ. և Ռ. Հակոբյանները (օդային մարմնամարզիկներ) տրյուկներով ստեղծել են թեմատիկ ներկայացում: 1969-ից Մ. Հակոբյանը կնոջ` Ա. Հակոբյանի հետ հանդես է եկել որպես ձեռնածու: Ռ. Հակոբյանի (ծաղրածու 1972-ից) արվեստը տոգորված է լավատեսությամբ:
Հայկական կրկեսում մեծ ծառայություն ունի ծաղրածու, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Վ. Մելիքջանյանը: Երաժշտական էքսցենտրիկայի ժանրում հաջողությամբ ստեղծագործում են ՀՍՍՀ վաստակավոր արտիստուհի Բ. Մարտիրոսյանը, Ս. Դանիելյանը և Գ. Սարգսյանը:
ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Մ. Բաղդասարովը վարժեցված գազաններով ստեղծել է «Սասունցի Դավիթ» խառն ատրակցիոնը: Հայկական կրկեսի կոլեկտիվում գործում են` Ն. և Գ. Մինասովների «Արջի բենիֆիս» ատրակցիոնը, Վ. Արզումանովայի «Վարժեցված շնիկները», Գ. Բաղդասարովի «Վարժեցված իշուկները», Ռ. Նիկողոսյանի ղեկավարած «Խմբային աճպարարները», էկվիլիստներ Ի. և Ռ. Սարոդյանները, սալտոմորտալիստ (ձիու վրա) Յ. Սարգսյանը, «Ուրախ հովիվներ» Կ. և Լ. Գալստյանները, «Գեղարվեստական - ակրոբատիկ կանանց խումբը»` Ռ. Ղազարյանի գլխավորությամբ, ուժային ակրոբատներ Կ. և Գ. Գասպարյանները, ծաղրածու Ա. Փիլոսյանը և ուրիշներ:
Հայկական կրկեսային արվեստի պատմության ամենավառ էջը ստեղծել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Լ. Ենգիբարյանը: Նա ստեղծել է ավանդական ծաղրածուի դիմակ` մերթ տխուր, մերթ ուրախ, մերթ երկչոտ, մերթ համարձակ, բացահայտելով մարդկային ապրումների մի ամբողջ հաջորդականություն: Նա օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու հատկությամբ, տիրապետում էր կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերին: Ենգիբարյանին բնորոշ էր անհանգիստ երևակայությունը և ծիծաղելին արագ ընկալելու ունակությունը: Ելնելով իրավիճակից, նա կարողանում էր անմիջապես փոխել ծրագիրը` թե տրյուկային թե` իմաստային լուծման առումով: Ենգիբարյանի տարերքը մնջախաղն էր և նա ստեղծել է իր` ենգիբարյանական մնջախաղը:
«Հայկական ժողովրդական խաղեր» համարով (ռեժիսոր Լ. Ենգիբարյան) հանդես է եկել հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ, միջազգային և համամիութենական մրցույթների դափնեկիր Ս. Պետրոսյանը (1985-ից` հայկական կրկեսի գլխավոր ռեժիսոր, 2003 թ-ից նաև պետկրկեսի տնօրեն, իսկ 2006թ-ից «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար:):
1972 թ-ին, Երևանի Շահումյանի պիոներների պալատում կազմակերպվել է Լ. Ենգիբարյանի անվան մանկական կրկեսային ստուդիա, որը 1981-ին արժանացել է ժողովրդական կոլեկտիվի կոչման, իսկ 1997թ-ից այն գործում է Երևանի կրկեսին կից:
|