Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյանին հիշելիս աչքիդ առաջ է հառնում հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, որին շատ սերունդներ պիտի համարեն իրենց ուսուցիչը, որի չծերացող արվեստը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Շատ կարճ կյանք ունեցավ աշխարհաճանաչ ծաղրածուն, ավելի կարճ` նրա ստեղծագործական գործունեությունը: Արտիստը հրաժեշտ տվեց կյանքին, երբ նոր էր բոլորել ընդամենը 37-ը, սակայն, արդեն, արժանացել էր իր արվեստի բոլոր դափնիներին: Ծաղրածուների արքան էր, շահել էր միջազգային մրցույթների բազմաթիվ ժողովրդի շատ սիրելի անձնավորությունը: Նա ասելիք ուներ և այդ ամենը հարուստ երևակայությամբ բազմակերպ մատուցում էր ենգիբարյանական յուրատեսակ քուրայով անցկացրած, ինքնատիպ ոճով ու արտասովոր ունակությամբ:
Լ. Ենգիբարյանը ծաղրածուին ազատեց ընդհանրական կերպար հասկացությունից և տվեց նրան անհատականություն: Նա ծաղրածուական արվեստ բերեց նոր մտածելակերպ, որով ծաղրածուն արդեն արվեստի երևույթ էր:
Լ. Ենգիբարյանը էլի ավանդական ծիծաղն էր բաժանում մարդկանց, սակայն արդեն որպես արվեստագետ, որպես խորհող ու փիլիսոփայող անհատ, որը խոսում է ժամանակի ու ճշմարտության անունից:
«Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի, ծիծաղը պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս` բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների երեսին»,-մի առիթով ասել է Լ. Ենգիբարյանը:
Մեծանուն արտիստը տագնապելու, խորհելու ու ժամանակակցի հետ, դրա համար ձգտում էր առանձնացման: Պատահական չէ, որ ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարողն էր: Արվեստի դպրոցը, որին դավանում էր նա, կյանքն էր, «Առանց որևէ իզմի, թեքման կամ տատանման… Կկանգնես ձեռքերիդ վրա, հաց կուտես»,- գրել է նա «Ստեղծագործելու ընդունակություն» մանրաքանդակում: Լ. Ենգիբարյանը հաղորդակցվում էր մարդկանց հետ խելամիտ ու ընդգրկուն, որի համար նրա մասին չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկն ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»: Գրեթե նույնը, ինչ անզուգական Գասպար Դեբյուրոյի տագնապագիրն է. «Աստ հանգչի նա, ով ասաց ամեն բան` չարտասանելով ոչ մի բառ»:
Ենգիբարյան-արվեստագետը գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու. չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով:
Հանրաճանաչ գեղագետը լի էր ասելիքներով ոչ միայն կրկեսաբեմում. նա ազատ ժամերին իր մտքերը, քնարական ու նրբագեղ արձակով, կիսում էր ընթերցողների հետ: Լ. Ենգիբարյանը ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոն, որտեղ խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները: Բազմաշերտ հանդիսատեսին հոգեհարազատ էր Լ. Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Քայլեր», «Մանկական կյանքը», «Հովանոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ մտահղացումներ և ինքնուրույն բեմադրությամբ մանրապատումներ:
Երեք քաղաք կար, որ Լ. Ենգիբարյանին առավել սիրում էին` Երևան, Մոսկվա և Պրահա: Այս երախտապարտ քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր նկարահանեցին` «Ծաղրածուն հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարյանն է» և այսօր էլ իրենց թարմությունը կորցրած այլ կինոժապավեններ: Լ. Ենգիբարյանի համար կրկեսը հարազատ հարկ էր, արտիստները` տան անդամներ: Նրա կյանքը մշտապես ձուլված էր այս հավերժ նոր ու հավերժ երիտասարդ արվեստին:
«Սովորաբար կրկեսում ծաղրածուները լրացնում են ընդմիջումները` արտիստների ելույթների միջև: Ենգիբարյանի դեպքում ընդհակառակն էր. Մենք` արտիստներս, լրացնում էինք նրա ելույթների ընդմիջումները», - մի առիթով ասաց Հայաստանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարյանի սան Սոս Պետրոսյանը:
Աշխարհի շատ բեմեր նվաճած արտիստի ելույթներին արվեստասերները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում և լարված հետևում էին նրա «խաղին», գիտեին, որ հաղորդակցվելու են Ենգիբարյանի բարձր արվեստին, գիտեին, որ նրա յուրաքանչյուր կատարում ուներ ասելիք, մտքի թռիչք, մտորելու և խորհելու առիթ, ինքնատիպ ու դժվարին կատարում, որ միայն իրենն էր` հագեցած Ենգիբարյանական ճշմարիտ ու հավաստի արվեստով: Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:
Մեծ դերասանի մահը շատերի համար մնաց առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի նման լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ արտիստը:
Ցավոք, Լ. Ենգիբարյանն ավելի շատ մտահղացումներ տարավ իր հետ, քան արեց կենդանության ժամանակ: Կյանքից հեռացավ, երբ ապրում էր ստեղծագործական բուռն զարգացման ու վերելքի ծրջանը: Ափսոս, նրա «ջութակը» վաղաժամ կոտրվեց. բայց ամոքվենք նրանով, որ մեծ հայորդու ջութակի ձայնը դեռ լսվում է:
Ասում են` վարպետը նա է, ով աշակերտներ ունի: Լ. Ենգիբարյանն ունեցավ բազմաթիվ շնորհալի հետնորդներ, որոնք մինչև այսօր էլ շարունակում են մեծ արտիստի հավերժ կենդանի արվեստը: Վաղամեռիկ արտիստի ընդհատված դասերը, որ իրոք դասական են` շարունակվում են ու դեռ դարեր կշարունակվեն…
Լեոնիդ Ենգիբարյան – արվեստագետ անհատը հավելեց մեր թատերական արվեստի մեծանուն դերասանների շարքը` դառնալով հավերժի ճամփորդ…
Ամեն տարի մարտի 15-ին հայ ժողովուրդը , /ոչ միայն Հայաստանում/ նշում են նրա ծննդյան օրը, որը մեծարանքի, հարգանքի ու սիրո տուրք էր Լեոնիդ Ենգիբարյանի պայճառ հիշատակին: |