|
Աշունը «Խուլախուպի» ոճով. Երևանի կրկեսը ելույթ է ունենալու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
«Երևանի կրկեսի կոլեկտիվը վառ տոն է նախապատրաստել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար: Մեր կրկեսային արտիստների ելույթները Տավուշի մարզում նախատեսված են նոյեմբերի 2-3-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ նոյեմբերի 9-10-ին»: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը:
Թոռնիկ Սոս Պետրոսյանի համաշխարհային նոր նվաճումը
/Հեղինակ` ԱԼԻԱՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ/
Ընդամենը օրեր առաջ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Սոս Պետրոսյանի թոռը՝ 15-ամյա Սոս Պետրոսյանը, նվաճել է Գրան-պրի մրցանակ՝ այս անգամ իլյուզիոնիստների՝ Հռոմում անցկացված միջազգային խոշոր փառատոնի ժամանակ: Այս փառատոնին մասնակցել է շուրջ 3000 աճպարար աշխարհի բազմաթիվ երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ճապոնիա, Կանադա և այլն:
«Երևանյան կրկես»-ի գլխավոր տնօրեն կամ, այսպես ասենք, պապ Սոս Պետրոսյանը «Հայացք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ընդամենը 2 օր առաջ են Երևան վերադարձել: Փառատոնի փակումը կայացել է մայիսի 9-ի գալա համերգով:
«La grand magic de illiusionist»-ի բացման պատվավոր արարողությունը վերապահվել է Սոս և Վիկտորյա Պետրոսյաններին: Որդի Պետրոսյանն իր կնոջ հետ ներկայացրել է «Տրանսֆորմացիա»՝ չափազանց արագ զգեստափոխություն ցուցադրող համարով, որով նրանք սահմանել էին աշխարհի բացարձակ ռեկորդ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Ինքը՝ պապ Պետրոսյանը, ում, ի դեպ, որդի և թոռ Սոսերից առանձնացնում են Սոս Իոսիֆ Պետրոսյան անվամբ, փառատոնի պատվավոր հյուրերի շարքում է եղել:
Փառատոնի ժյուրիի կազմում են եղել համաշխարհային հռչակ վայելող իլյուզիոնիստներ՝ Տոպազը, Ուրի Գելլերը, Ալոնսոն և այլք:
Աշխարհի բազմաթիվ երկրների ամենահայտնի աճպարարների ներկայացրած «հրաշքների» շարքից երիտասարդ հայն առանձնացել է ամենահասարակ խաղաքարտերով ցուցադրած արտառոց մանիպուլյացիաներով, ձեռնածուական նոր հնարքներով, անհետացնելու ու նորովի ներկայացնելու աճպարարական համարով:
«Որ այդքան խոշոր փառատոնից Գրան-պրին մի հայ տղա է նվաճում՝ այն էլ այդքան երիտասարդ, դա, ինչպես ասեմ, событие века»,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:
Ի դեպ, սա թոռնիկ Սոս Պետրոսյանի առաջին նման խոշոր նվաճումը չէ: 2007 թ. Սոս III-ը Հոլանդիայում կայացած իլյուզիոնիստների աշխարհի առաջնությունում նվաճել է կրկին գլխավոր մրցանակը:
Սոս Պետրոսյան կրտսերը հաղթել է իլյուզիոնիստների միջազգային մրցույթում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում մայիս ամսին կայացած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոս Պետրոսյան կրտսերը դարձել է բացարձակ հաղթող: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, Հայաստանը նման մրցույթի առաջին անգամ էր մասնակցում;
«Իտալիայում կայացած մրցույթը` հեռուստատեսային նախագիծ էր: Ես կուզեի, որ այդ նախագիծը մերոնք նույնպես գնեին, քանի որ հայը, երեք հազար աճպարարների մեջ գրավեց առաջին տեղը եւ դարձավ աշխարհի բացարձակ աճպարարական չեմպիոն»,-ասաց նա:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը ուրախալի համարեց այն փաստը, որ Հռոմում Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները վարպետության դասեր են անցկացրել աշխարհի լավագույն իլյուզիոնիստների համար:
«Մրցույթի գալա համերգը` որպես լավագույն իլյուզիոնիստներ, նույնպես իրենք են բացել»,-ասաց նա:
Հռոմի հեռուստատեսային նախագծում իրենց մասնակցությունն էին բերել աշխարհի շուրջ 60 երկրների մասնակիցներ, իսկ ժյուրիի կազմում աշխարհահռչակ իլյուզիոնիստներ էին:
«Չկա մի երկիր, որտեղ մեր դերասանները հյուրախաղերով հանդես եկած չլինեն: Կրկեսը դա հյուրախաղային կազմակերպություն է»,-հավելեց Պետրոսյանը:
|
|