Կրկեսը կդառնա լավագույն մշակութային օջախներից մեկը
/Հեղինակ` Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ/ Երևանի պետական կրկեսի ճակատագիրը հավանաբար շատերին է մտահոգում: Դեռևս 1962-ին կառուցված շենքը երբեք չէր վերանորոգվել: Եվ հատկապես վերջին տարիներին շենքային պայմանները մեղմ ասած` չէին բավարարում ժամանակակից կրկեսային արվեստի պահանջներին: Իսկ ավելի ստույգ` շինությունն անմխիթար վիճակում էր` սկսած արտաքին անշուք տեսքից: Անցյալ տարվանից սկսված հիմնանորոգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Ի՞նչ տեսքով է հառնելու նոր կրկեսը: Այս հարցով դիմեցինք կրկեսի գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչՍոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ: Եվ մեզ հետաքրքող թեմայից զատ, սիրով նա մեկ այլ ուրախալի նորությունով «Ավանգարդի» հետ առաջինը կիսվելու իր պատրաստակամությունը հայտնեց:
- Սոս Պետրոսյան-կրտսերն օրերս կայացած միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույնը` մեկ անգամ ևս մեր երկրի անունը հնչեցնելով միջազգային հարթակում: Փաստն իսկապես ուրախալի է բոլորիս համար: Որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար և առաջին հերթին որպես պապիկ` ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք:
- Ընդամենը 2 օր առաջ եմ վերադարձել Հռոմից, որտեղ ներկա էի աշխարհի աճպարարների միջազգային մրցույթին: Իսկ մրցույթի նախաձեռնողն ու կազմակերպիչն իտալական ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկն է: Նախապես ընտրվել էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 3000 աճպարարներ, որոնցից, սակայն, մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացավ միայն 110-ը: Հայաստանից հրավիրված էի ես և ներկայացնում էի հայկական կրկեսը: Մրցույթին մասնակցում էր նաև թոռնիկս` Սոս Պետրոսյան կրտսերը, ով ի ուրախություն մեզ` ստացավ գլխավոր մրցանակը: Մի հարց է սակայն ինձ մտահոգում: Երբ մեր հայրենակիցները հաջողության են հասնում ցանկացած մրցույթում, հայկական հեռուստաալիքներն անպայման ցուցադրում են դրանք: Ցանկությունս մեծ է, որ այն ևս ցուցադրվի, քանի որ իսկապես աննախադեպ միջոցառում էր: Ուրախալի է նաև այն փաստը, որ մրցույթի բացման պատիվը վերապահված էր Սոս և Վիկտորիա Պետրոսյաններին, ովքեր ներկայացրին իրենց` Գինեսի ռեկորդակիր համարը: Ի դեպ` փոքր թոռս` Տիգրանը, ևս մասնակցում էր միջոցառմանը և հատուկ մրցանակ ստացավ, սակայն մրցույթից դուրս` տարիքից ելնելով: Իսկապես շքեղ միջոցառում էր, բավական ուսանելի: Եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել 18 միջազգային մրցույթների, սակայն սա անհամեմատելի էր: Անձամբ ես շատ բան սովորեցի, և անշուշտ սովորածս կկիրառվի նաև մեր կրկեսում` վերաբացումից հետո: Ժյուրիի անդամները աճպարարության` աշխարհի գերաստղերն էին` Ուրի Գելլեր, Տոպազ, Ալոնսո... Չափազանց հուզիչ էր հատկապես վերջին փուլը, երբ մնացել էին Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Ստերլինգը և Սոսը: Ես, որպես պապիկ, նստել էի առաջին շարքում, և անսահման էին հուզմունքս ու հպարտությունս: Թոռնիկս նախկինում ևս գլխավոր մրցանակներ է նվաճել` Չինաստանում, Մոնտե-Կառլոյում, Փարիզում, սակայն դրանք բոլորն ընդհանուր կրկեսային մրցույթներ էին, իսկ այստեղ իրենց ուժերն էին փորձում միմիայն աճպարարները: Որպես մրցանակ` նա Լաս- Վեգասի ուղեգիր ստացավ, որտեղ մեկ ամիս շարունակ հանդես կգա իր ելույթներով` համագործակցելով տեղի շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հիշեցնեմ, որ սա փակ մրցույթ էր, հեռուստատեսային նախագիծ, որը իտալական հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի սեպտեմբերից:
- Ի՞նչ փուլում են կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները: Ինչպիսի՞ կրկես կունենանք:
- Մեր կրկեսը նախորդ տարվա օգոստոսից փակվեց` վերանորոգման նպատակով: Անչափ ուրախ եմ, որ կարողացանք վերջապես ֆինանսական գործընկեր գտնել` հանձին «Տաշիր գրուպի»` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ: Շատերը, տեսնելով, որ կրկեսից ֆինանսական շահ հետագայում չեն ունենա կամ չեն կարող բիզնեսի վերածել, հրաժարվում էին: Կրկեսը կբացվի հաջորդ տարեվերջին կամ միգուցե մի փոքր ավելի ուշ, քանի որ չափազանց աշխատատար և բարդ գործընթաց է: Պետք է գնանք Մոսկվա` խորհրդակցելու կրկեսային ճարտարապետների հետ: Իսկ ես` որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, կանեմ ամեն ինչ, որ այն վերաբացումից հետո դառնա մշակութային ամենակարևոր օջախներից մեկը: Լինելու է ժամանակակից կրկես` բոլոր չափանիշներին համապատասխան: Նախկինում չենք ունեցել կրկես` սառույցի վրա կամ ջրի մեջ: Դրանք ևս իրականություն կդառնան, նոր կենդանիներ կբերվեն: Հնարավոր կլինի այստեղ զանգվածային միջոցառումներ կազմակերպել և ոչ միայն կրկեսային. նաև` շոու ծրագրեր, մարզական միջոցառումներ և այլն: Մեր հնարավորությունները լիովին թույլ կտան: Իսկ հարևանությամբ մանկական այգի կլինի:
- Շուրջ 2 տարի առաջ մեր հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր ամենամեծ երազանքը կրկեսը վերանորոգված տեսնելն է: Կարելի է ասել, որ այդ երազանքն իրականացման ճանապարհին է: Դրանից զատ` նպատակ ունեիք բոլոր հայ դերասաններին հավաքել մի տանիքի տակ…
- Այո, դա իսկապես երազանք էր: Հիմա արդեն հավատում եմ, որ կրկեսը մոտ ապագայում դառնալու է լավագույն մշակութային օջախներից մեկը: Նախատեսել ենք 2014-ին Երևանում միջազգային մրցույթ անցկացնել: Իսկ ինչո՞ւ ոչ: Թատերական փառատոներ ու մրցույթներ կազմակերպվում են, իսկ կրկեսային երբեք չի եղել: Նաև կրկեսի բացման ծրագիրն ենք նախապատրաստում, որը դեռ քննարկման փուլում է: Կրկեսային բոլոր հայ դերասանները կհավաքվեն մեկ հարկի տակ, ելույթ կունենան, ապա հայկական կրկեսի հարուստ ավանդույթները կշարունակեն ներկայացնել աշխարհին:
- Կարելի է ակնկալել, որ կրկեսի նկատմամբ հետաքրքրությունն ու նաև այցելուների թիվը կմեծանա:
- Անշուշտ: Վերջին տարիներին մի կերպ ենք գոյատևել: Ելույթի ժամանակ երբեմն տանիքը կաթում էր, իսկ ձմռանը դրսում ավելի տաք էր, քան շենքի ներսում: Մարդիկ վերարկուներով էին դիտում ներկայացումը: Սակայն անգամ այդ պայմաններում գալիս էին: Միանշանակորեն հետաքրքրությունը կմեծանա: Այսօր կրկեսային արվեստի զարգացման համար ոչ մի լումա չի ներդրվում, մինչդեռ սպորտային միջոցառումների համար միլիոնավոր ու նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ծախսվում: Չնայած իմ նկարագրած պայմաններին` կրկեսը մշտապես գործել է` անգամ պատերազմի տարիներին: Ի դեպ` այս օրերին ևս մեր աշխատանքները չեն դադարեցվել: Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցն իր գործունեությունը շարունակում է վարձակալած տարածքում:
ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ ՀՐԱՇՔԻ
Զրույց պետկրկեսի գեղարվեստական ղեկավար
և տնօրեն ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պետրոսյան, նախ եկեք խոսենք Ձեր մանկության, արմատների, ծնողների մասին, հիշենք այն միջավայրը, որտեղ մեծացել եք։
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր տոհմ, գերդաստան ունի մի ուրույն հատկանիշ, որն իր բնորոշիչն է, էության ամենավառ գիծը ու ժառանգաբար փոխանցվում է սերնդեսերունդ։ Իմ նախնիներն առանձնանում էին իրենց կենսունակությամբ, ամենաօրհասական պահին անգամ հույսը չկորցնելու զարմանալի ունակությամբ, պայքարելու, դժվարությունները հաղթահարելու եռանդով։ Պապիս չեմ հիշում։ Պատմում են, որ նա սկզբում հասարակ խոհարար է եղել Թիֆլիսում, իսկ տարիներ անց իբրև լավագույն խոհարար՝ նրան աշխատանք են առաջարկել կենտկոմի ճաշարանում։ Եվ գիտե՞ք ինչն է գլխավորը՝ առաջխաղացումը փող աշխատելու միջոց չի եղել պապիս համար, այլ ինքնահաստատման ձև, կենսակերպ։ Մենք տուն չունեինք, ապրում էինք հորաքրոջս տանը, բայց հայրս չէր տրտնջում, չէր բողոքում, օրնիբուն աշխատում էր։ Կարճ ժամանակ անց նա փոքրիկ, հողաշեն տուն կառուցեց։ Մենք շատ արագ ոտքի կանգնեցինք։ Հայրս գիտեր ուսման, կրթության արժեքը։ Ուզում էր, որ ես որքան հնարավոր է շատ գիտելիք ստանամ, բազմակողմանի զարգանամ։ Ուղարկում էր պարի, ֆուտբոլի, կրկեսային խմբակ… Ես ոսկե մեդալով ավարտեցի Թիֆլիսի թիվ 109 հայկական դպրոցը։ Ընդգրկված էի ֆուտբոլի պատանեկան հավաքականում։ Ինձ առաջարկում էին խաղալ <Դինամոյում>՝ պայմանով, որ ազգանունս դարձնեմ Պետրիաշվիլի։ Ես Պետրիաշվիլի չդարձա ու չխաղացի <Դինամոյում>, բայց պապերիցս անցած աշխատասիրությունը, լավատեսությունը, անվերջ կատարելագործվելու ջիղը անչափ օգնեց ինձ։ Երբ ես Մոսկվայում ուսումնարան ընդունվեցի, ռուսերեն հազիվ երկու բառ գիտեի և սովորում էի նույն կուրսում Գենադի Խազանովի, Ժաննա Բիչևսկայայի, Յուրի Կուկլաչովի, Ալլա Պուգաչովայի հետ։ Բայց միայն ես ավարտեցի ուսումնարանը կարմիր դիպլոմով։
-Հավանաբար մեծ ջանքեր են պահանջվել, նվիրում, աշխատանք։ Պիտի որ շատ ուժեղ ներշնչանք ունենայիք։ Ինչո՞ւ էիք ջանում, հանուն ինչի՞։
-Երկու մեծ ներշնչանք ունեի՝ ազգային պատվախնդրությունս և կանանց հիացմունքին արժանանալու ցանկությունս։ Հայկական միջավայրում գուցե այդքան չջանայի, բայց չէի կարող թույլ տալ, որ վրացին, լատվիացին կամ ռուսը ստվեր գցեն հայի վրա, գերազանցեն նրան։ Իսկ կանանց հանդեպ յուրահատուկ թուլություն ունեի։ Միշտ սիրահարված էի՝ սկսած մանկությունից ու միշտ՝ խենթորեն, բուռն։ Մեծն Լեոնիդ Ենգիբարյանը նույնպես շատ էր սիրում կանանց, անուղղելի սիրահարվող էր։ Մենք մտերիմ էինք, ավելի ճիշտ՝ ես նրա երկրպագուն էի, նրա կրտսեր գործընկերը, ու ինձ համար երջանկություն էր լինել նրա կողքին, կատարել հանձնարարությունները։
-Ենգիբարյանի հանդեպ սե՞րը Ձեզ բերեց կրկես։
-Փոքր հասակից ես գլուխկոնծի էի տալիս քարերի մեջ։ Խնձորներ էի նետում, շշեր էի պահում գլխիս վրա։ Վերջերս պատահաբար հանդիպեցի մանկապարտեզի ընկերոջս։ Նա հիշեց, թե ինչպես էի խանութից տուն վազում՝ հացը քթիս դրած։ Այն ժամանակ դեռ Ենգիբարյանին չէի ճանաչում։ Դպրոցում կրկեսի խմբակ հաճախեցի։ Դպրոցականների արվեստի օլիմպիադայում ցուցադրեցի կրկեսային համար ու շահեցի առաջին մրցանակ։ 1963թ. հայկական կրկեսն ու Լեոնիդ Ենգիբարյանը հյուրախաղերով եկան Թբիլիսի։ Ես ցնցված-հիացած էի։ Ոչ մի ներկայացում բաց չթողեցի։ Հենց այդ օրերին էկրանների վրա ցուցադրվում էր <Ճանապարհ դեպի կրկես> ֆիլմը։ Դիտեցի հարյուր անգամ։ Կրկեսն անդառնալիորեն գերել էր ինձ։ Մի կերպ՝ հորս համոզեցի ինձ տանել Լեոնիդ Ենգիբարյանի մոտ։ Մեծ արտիստը զբաղված էր ու չկարողացավ ինձ ընդունել։ Բայց ես չհուսահատվեցի։ Մի օր էլ իմացա, որ Ռուսթավելու անվան թատրոնում մնջախաղի երեկո են կազմակերպել՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասնակցությամբ։ Երաժշտական մասն ապահովում էին Մարտին Վարդազարյանը, Ռոբերտ Յոլչյանը և այլ հայ նշանավոր երաժիշտներ։ Մոտեցա նրանց, ասացի, որ հայ եմ, խնդրեցի բարեխոսել, որ Լեոնիդ Ենգիբարյանը մի քանի րոպեով ընդունի ինձ։ Երևի տեսան, որ ցանկությունս շատ մեծ է, և ընդառաջեցին։ Վարպետին ցույց տվեցի յոթ գնդակներով համարս։ Ենգիբարյանը նայեց, գոհունակ գլխով արեց ու խորհուրդ տվեց գնալ Մոսկվա և ընդունվել կրկեսի ուսումնարան։ Ես ուսումնարան ընդունվեցի չորրորդ փորձից հետո
Ես կաշվից դուրս էի գալիս, բարդ համարներ էի պատրաստում, իսկ ուսուցիչս՝ Յուրի Բելովը, որ նաև Ենգիբարյանի ուսուցիչն էր եղել, նայում էր ու ամեն անգամ մտահոգ օրորում գլուխը՝ էն չի, ինքնատիպ չի։ Եվ ահա մենք գնացինք դեպի ակունք, դեպի ազգային արվեստ՝ հասկանալով, որ միայն այնտեղ կգտնենք ինքնատիպության, բացառիկության բանալին։ Եվ ծնվեց իմ հայտնի դհոլներով համարը։ Ահա վերջապես իմ ուզածը՝ բացականչեց Բելովը։ Այդ ազգային համարով ես շրջեցի ամբողջ աշխարհը, ելույթ ունեցա 120 երկրում։ Հայրս ամեն շաբաթ գնացքով դհոլներ էր ճամփում Մոսկվա, մոտ 100 դհոլ կոտրեցի, մինչև վարժվեցի։ Դհոլը 20 ռուբլի արժեր։ Դա մեծ գումար էր այն ժամանակ, բայց հայրս չէր տրտնջում։ Նա հասկանում էր, որ ուզում եմ ինչ-որ բանի հասնել։ Ուսումնարանի ավարտական ելույթին ներկա էին Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը, Լեոնիդ Ենգիբարյանը։ Չիմացա՝ ինչպես բեմ ելա, ինչպես կատարեցի։ Կուլիսներում լսեցի Ենգիբարյանի ձայնը՝ որտե՞ղ է մեր հայը։ Փախա, թաքնվեցի։ Տղերքը գտան ինձ, ասին՝ վարպետը գոհ է։ Հրելով առաջ բերեցին։ Ես կանգնել էի շփոթված, կարկամած։ Քեզ հիշում եմ՝ ասաց Ենգիբարյանը, ապրես, որ լսեցիր խորհուրդս։ Երբ ինձ կարմիր դիպլոմ էին տալիս, Ենգիբարյանը ներկա էր։ Ուրախությունից ու հպարտությունից սիրտս դուրս էր թռչում։ Հենց այդ ժամանակ Ենգիբարյանն ինձ հրավիրեց աշխատելու իր հետ Երևանի կրկեսում։
-Ինչպիսի՞ն էր Ենգիբարյանը կյանքում։
-Արտիստ էր ե՛ւ կյանքում, ե՛ւ բեմում։ Նա անգերազանցելի վարպետ էր։ Ընդհանրապես, ծաղրածուն լրացնում է կրկեսային ներկայացման պաուզաները։ Իսկ Ենգիբարյանի հետ մենք բոլորս լրացնում էինք նրա անզուգական մոնոլոգի դադարները։ Ենգիբարյանի ելույթների ժամանակ դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում։ Նա սիրահարված էր իր արվեստին, իսկ հանդիսատեսը սիրահարված էր նրան։ Բախտ եմ ունեցել երկու տարի վայելելու մեծ արտիստի շքեղ, հիասքանչ ներկայությունը։ Կյանքը վայելում էր անմնացորդ, փողը ծախսում էր առանց հաշվելու, մի ներքին արհամարհանքով։ …Երբ ես Երևանի ալյումինագործների մշակույթի պալատին կից հիմնեցի Ենգիբարյանի անվան կրկեսի ու էստրադայի դպրոց-ստուդիա, վարպետն արդեն չկար, դպրոցը գործում է մինչ օրս՝ արդեն պետկրկեսին կից։ Մեր հոգու պարտքն է հավատարիմ մնալ ենգիբարյանական չափանիշներին, բարձրացնելով հայ կրկեսային արվեստի անունն ու փառքը։
-Ձեր ընտանիքում բոլորը կրկեսի դերասաններ են։ Ձեր կինը տարիներ շարունակ աշխատել է կրկեսում, որդին և իր կինը ճանաչված իլյուզիոնիստներ են, աղջիկը ղեկավարում է կրկեսի դպրոց-ստուդիան։ Ձեր զավակները սերնդեսերունդ ոչ միայն կրկեսի արտիստի մասնագիտություն են ժառանգել, այլև նույնիսկ Ձեր անուն-ազգանունը։
-Կրկեսի դերասան դառնալու համար մեծ սեր ու նվիրում է պետք, որ ուժ գտնես քո մեջ օրը ամենաքիչը ութ ժամ պարապելու։ Կրկեսի դպրոց□ստուդիան անվճար է, բայց դիմորդները քիչ են, շատերը գալիս են, մի քանի շաբաթ պարապում են ու հեռանում։ Չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, սերը չի հերիքում, որ դիմանան։ Ուսումնարանն ավարտելուց հետո ես մեծ հաջողություններ ունեի, մասնակցել էի համամիութենական մրցույթների, շահել էի մրցանակներ, սակայն չբավարարվեցի ձեռքբերածով, ավարտեցի նաև Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի կրկեսի ռեժիսուրայի բաժինը, այնուհետև՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանեցի գիտական թեզ <Հայկական կրկեսը> թեմայով։ Կրկեսի հանդեպ իմ սերը վարակեց նաև զավակներիս՝ հակառակ իմ ցանկության։ Տղաս պարարվեստի ուսումնարանի բալետի բաժինն ավարտելուց հետո ավարտեց նաև Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի կրկեսի ռեժիսուրայի բաժինը, իսկ երբ իմ դհոլների համարը կատարելով գրան պրի շահեց միջազգային մրցույթում, Յուրի Նիկուլինը նրան հրավիրեց աշխատելու իր կրկեսում։ Որդուս կինը մասնագիտությամբ իրավաբան է, բայց սիրահարվեց ամուսնու արվեստին ու փոխեց մասնագիտությունը։ Տղաս Եվրոպայի լավագույն իլյուզիոնիստներից է, աղջիկս եղբոր հետ էր աշխատում Գերմանիայում, բայց թողեց մեծ հոնորարները, եկավ Հայաստան, որ ղեկավարի Ենգիբարյանի անվան կրկեսի դպրոց-ստուդիան։ Ինչ վերաբերում է անվանակոչությանը, Լեոնիդի ցանկությունն էր, որ որդիս կրի իմ անունը։ Իսկ թոռնիկիս Սոս է կոչել Յուրի Նիկուլինը՝ նրա կնքահայրը։
-Ի՞նչ վիճակում է հայ կրկեսային արվեստն այսօր։
-Կրկեսն աշխատեց նաև ցրտի ու խավարի տարիներին, հանդիսատեսի սերը թույլ չտվեց, որ կրկեսը փակվի։ Ժողովուրդը կրկես էր գալիս ձմռան սառնամանիքին, ամռան տապին, ու դերասանները աշխատում էին ինքնամոռաց նվիրումով։ Կրկեսը չի նորոգվել անհիշելի ժամանակներից, իսկ հայ կրկեսի դերասանին վերջին անգամ կոչում են տվել 30 տարի առաջ, փոխարենը՝ հայկական կրկեսի դպրոց անցած ու դրսում աշխատող իմ ուսանողներն արժանացել են ամենաբարձր տիտղոսների, ապրում են բարեկեցիկ կյանքով։ Սակայն հայ կրկեսը նույնպես ապրում է։ Ինձ 20 հազար դոլար աշխատավարձ էին առաջարկում Գերմանիայում, բայց ես հայրենիքում եմ, նրանց կողքին, ում համար հայ կրկեսն ու հանդիսատեսը անփոխարինելի են։ Այնուամենայնիվ, գոյատևում ենք բացառապես սեփական միջոցների հաշվին, կարողանում ենք հարստացնել կենդանիների պարկը, հրավիրել հեղինակավոր խմբեր։ Կան մարդիկ, ովքեր սիրում են կրկեսը ու անշահախնդրորեն օգնում են։ Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը ջայլամ ու ձիեր է նվիրել, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը՝ արջուկ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կեր է ուղարկում ձիերին, գործարար Հրանտ Վարդանյանը վերջերս վճարեց մեկ ներկայացման արժեքը։ Կրկեսին օգնում է նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը□ Ինձ ուրախացնում է երևույթի բարոյական կողմը՝ սերը, ուշադրությունը, աջակցելու, պարտավորության գիտակցությունը։
-Լավ է, որ գեներալները սիրում են կրկեսը. իսկ կրկեսի դերասանները սիրո՞ւմ են բանակը, այցելո՞ւմ են զորամասեր, ելույթ ունենո՞ւմ են զինվորի առաջ։
-Խորհրդային տարիներին մենք այցելում էինք նույնիսկ արտերկրում տեղակայված զորամասեր, եղել ենք անգամ Աֆղանստանում։ Ազգային բանակի զինվորների առաջ ելույթ ենք ունենում ավելի մեծ սիրով ու պատրաստակամությամբ։ Մեր արտիստները եղել են հայկական բանակի բոլոր զորամասերում՝ առանց բացառության։ Դա մեր հոգու պարտքն է, մեր չնչին տուրքը բանակին։ Որպես հայ մարդ, արվեստագետ՝ անչափ հպարտ եմ հայոց բանակով։ Երջանիկ եմ, որ մեր ժողովուրդը կարողացել է ստեղծել ինքն իրեն պաշտպանելու ունակ զորք։ Ազգային բանակի կենցաղային պայմանները հրաշալի են։ Մենք ականատես եղանք հրաշքի։ Համոզված եմ, որ մեր բանակն ուժեղ է, կազմակերպված, մարտունակ ու ոգեղեն։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր հավատացին իրենց երազանքին, խիզախեցին, ու իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր իղձը՝ հայոց ազգային բանակը։ Ես դասավանդում եմ նաև թատերական ինստիտուտում և շատ եմ ուրախանում, երբ թատերական ինստիտուտի կամ կրկեսի դպրոց□ստուդիայի սաները բանակից վերադառնում են ավելի ամուր, հասունացած, կարգապահ, ավելի հաստատակամ ու հայրենասեր։
ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. 2014-Ի ՎԵՐՋԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՐԿԵՍ
Երևանցի փոքրահասակների սիրելի վայրը` կրկեսը, արդեն մի քանի ամիս է, չի գործում: Վերակառուցվում է: 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը` ներդնելով մոտ 6 միլիոն դոլար: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
Վերակառուցման փաստը շատ է դուր եկել երևանցիներին:
«Հիանալի է: Պետք է շուտ վերանորոգվեր: Պայմանները շատ վատ էին: Անհամբեր սպասում ենք, թե երբ այն կբացի իր դռները»,- ասաց երևանցի Նունեն: 4-ամյա Գայանեի պապիկն էլ ասաց, որ իր երեխաներին բազմաթիվ անգամներ է տարել կրկես ու «հպարտացել եմ և մեր կրկեսով, և դերասաններով»:
«Բայց, իհարկե, արդեն վերանորոգման կարիք ուներ: Սպասեմ, տեսնեմ, թե երբ է բացվելու, որ թոռնիկներիս էլ բերեմ»,- ասաց նա:
Panorama.am-ը զրուցեց նաև «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված վերակառուցման նախագծով ու ե՞րբ կարող ենք մուտք գործել արդեն վերակառուցված կրկես:
-Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսից ու նախատեսված է, որ կավարտվի 2014 թվականին: Ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակները չխախտվեն: Գլխավոր ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Աշոտ Ավետիսյանը: Նախատեսված ծրագրով ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, ավելանալու է ևս մեկ հարկ՝ 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի վերակառուցումից, ամբողջությամբ կթարմացվեն կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան:
-Արդեն կա՞ն ծրագրեր, թե ինչ ներկայացումներ են ցուցադրվելու վերակառուցված կրկեսում:
-Ես, որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, արդեն մտածում եմ առաջիկա ծրագրերի մասին, բանակցություններ եմ վարում տարբեր երկրներում գործող խմբերի, դերասանների հետ: Մտածում ենք նույնիսկ 2014 թվականի ամանորյա ծրագրի մասին, որը պետք է առանձնահատուկ լինի, քանի որ երկու տարվա ընդմիջումից հետո մեր երեխաները պետք է ականատես լինեն յուրահատուկ ներկայացման: Մտածում ենք նույնիսկ 2014 թվականի մայիսին Հայաստանում կրկեսային միջազգային արվեստի մրցույթ անցկացնելու մասին:
-Մինչև կրկեսի վերաբացումը, ի՞նչ են անելու կրկեսի դերասանները:
-Կրկեսը հիմնական խմբեր չունի, պայմանագրային աշխատողներ են: Աշխարհում կրկեսի դերասանների մեծ պահանջ կա: Մեր դերասաններից շատերը պայմանագրով աշխատում են աշխարհի տարբեր երկրների կրկեսներում: Եթե լավ համար ունի, կրկեսի դերասանը չի կարող անգործ մնալ: Վերանորոգման աշխատանքներում ներգրավված են նաև կրկեսի տեխնիկական մասի աշխատողները:
-Այս երկու տարիների ընթացքում հայաստանցիները կրկեսային ներկայացումների կարո՞ղ են ականատես լինել: Ի՞նչ որ ծրագրեր կան:
-Ցանկանում ենք ամռանը կազմել երկու խումբ, որոնցից մեկը պետք է բարեգործական ցուցադրություններ կազմակերպի` այցելի զորամասեր, մանկատներ, անապահով երեխաների համար ներկայացումներ բեմադրի: Եթե ձեռք բերենք շապիտո` շրջիկ կրկես, կգնանք Ղարաբաղ, Հայաստանի տարբեր մարզեր: Կրկեսի դերասանը, ինչպես և մարմնամարզիկը, եթե մի օր փորձ չանի, չի կարող պահպանել իր ֆորման:
-Երևանի կրկեսն ունի՞ դերասանների պակաս: Եթե այո` ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ բացը լրացնելու համար:
- Կրկեսին կից գոյություն ունի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող ստուդիա-դպրոց: Այժմ ստուդիայի շրջանավարտները են մեր պրոֆեսինալների խումբը համալրում: Կարողացել ենք հասնել նրան, որ ստուդիան անվճար լինի: Անձամբ շրջում եմ տարբեր դպրոցներ, թեև հայտարարություն էլ ենք տալիս, որ ստուդիան անվճար է, կասթինգ ենք անում, ընտրում ենք լավագույններին, բերում ու ընդունում ենք մեզ մոտ: Կրկեսային արվեստը մասսայական բնույթ չի կրում, ինչպես, օրինակ, պարայինը: Կրկեսային արվեստը դժվար է: Կրկեսի դերասանը պետք է օրական ամենաքիչը 6-7 ժամ պարապի, որպեսզի արդյունքի հասնի: Շատերը չեն դիմանում այդ տեմպին:
Այժմ վարձակալել ենք տարածք, որտեղ բնականոն հունով շարունակվում են պարապմունքները:
Պատրաստեց` Տաթև Մանուկյանը
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՐԿԵՍԻ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ԹԱԳԱՎՈՐՆ ԱՌԱՆՑ ԽԵՂԿԱՏԱԿԻ
Օրերս Մարզահամերգային համալիրում կայացած Հայոց բանակի 20-ամյակին նվիրված համերգին Գերմանիայից հրավիրված էին նաև կրկեսի արտիստներ՝ աճպարարներ, Գինեսի քառակի ռեկորդակիրներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները: Միջազգային մի շարք մրցույթների հաղթողները անցյալ տարի իրենց պարգևներն ավելացրին ևս մեկով՝ Գերմանիայում կայացած «Սուպեր տաղանդ» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակով:
«Առավոտը» հանդիպեց կրկեսային ճանաչված Պետրոսյան ընտանիքի անդամների հետ: Վերջին անգամ Սոսն ու Վիկտորյան հայ հանդիսատեսին ներկայացել են 2008թ., երբ նշվում էր ընտանիքի հոր՝ անվանի ձեռնածու, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը:
Հարցին՝ ինչո՞ւ հաճախ չեն լինում Հայաստանում, կրտսեր Սոս Պետրոսյանը նախ ուրախությամբ հայտնեց, որ այս այցելության ժամանակ ստացել է ՀՀ անձնագիր, հետո էլ հավելեց. «Շուրջ 20 տարի բնակվելով Գերմանիայում, մասնակցել ենք 11 միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների, ելույթներ ունեցել 60 երկրում: Սա մեծ պատասխանատվություն է, երբ ամբողջ մի ազգ ես ներկայացնում: Մյուս կողմից՝ կրկեսի արտիստը չի կարող մի քանի տարի աշխատել նույն օջախում: Կրկեսը թատրոն չէ, որ ունենա հիմնական արտիստների խումբ: Օրինակ, ես և կինս ընտրել ենք աճպարարական ժանրի ամենաբարդ ձևը՝ զգեստներն արագ փոխելը: Գրանցվեցինք Գինեսի ռեկորդների գրքում՝ 1 րոպեում 13 զգեստ: Հիմա աշխատում ենք նույն ժամանակում 15 զգեստ փոխելու ուղղությամբ: Բայց նույն համարը, ինչքան էլ այն ռեկորդակիր լինի, տարիներ շարունակ չես ցուցադրի նույն վայրում: Կարճ ասած՝ մենք ժանրը պահպանում ենք՝ անընդհատ այն կատարելագործելով ու հանդես ենք գալիս տարբեր կրկեսներում: Մինչև 2017թ. պայմանագրեր ունենք կնքած տարբեր կրկեսների հետ»:
Մեր զրուցակիցները ուրախությամբ նշեցին, որ 1962թ. հիմնադրված Երևանի կրկեսի հիմնանորոգումից հետո՝ 2014թ. վերջին, պարտավորվում են Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի իրենց ճանաչված կոլեգաների հետ ներկայանալ հայ հանդիսատեսին: «Հուսով եմ՝ 2014թ. մայիսին կիրականանա իմ ու հորս երազանքը՝ Երևանում առաջին անգամ կանցկացվի կրկեսային արվեստի միջազգային փառատոն: Կրկեսային արվեստի միջազգային ասոցիացիան (Կենտրոնական գրասենյակը Լոնդոնում է) արդեն տվել է իր համաձայնությունը»:
Հանրահայտ բրիտանական՝ «Պետությունն առանց կրկեսի նույնն է, ինչ թագավորն առանց խեղկատակի» ասացվածքի առիթով Վիկտորյան փաստեց, որ կան կրկեսի՝ աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայ արտիստներ, սակայն Երևանի կրկեսի և ոչ մի արտիստ վերջին 30 տարում չի արժանացել որևէ կոչման կամ պարգևի: Հավելեց նաև, որ հետևելով հայաստանյան ԶԼՄ-ներին ու TV-ներին, նկատել է, որ հազվադեպ են հանդիպում կրկեսի այս կամ այն արտիստին կամ հայկական կրկեսին նվիրված անդրադարձներ: «Հայաստանում չկան կրկեսային տեսաբաններ: Փաստորեն, միայն սկեսրայրս է, ով Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր է և 1993թ. պաշտպանել է գիտական միակ թեզը՝ «Հայկական կրկեսի գեղարվեստական ավանդույթները»: Անդրադառնալով 2011թ. մոսկովյան հեռուստատեսությամբ «Փառքի րոպե» հաղորդման եզրափակիչ փուլին իրենց որդու՝ դարձյալ Սոս Պետրոսյանի մասնակցությանը, որտեղ նա հաղթող չդարձավ, ծնողները հպարտորեն նշեցին, որ Սոսը հենց անցյալ տարի ԱՄՆ-ում արժանացավ կրկեսային «Օսկարի»:
Պատրաստեց` ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԴԵՌ ՄԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԿՐԿԵՍ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
Կրկեսն արդեն սպառել էր իրեն, կրկեսը շատ վատ դրության մեջ էր. Ձմռանը ներսում ավելի ցուրտ էր, քան դրսում էր, ամռանը ներսում ավելի շոգ էր, քան` դրսում: Չէինք կարողանում մասշտաբային ծրագրեր ներկայացնել: Այսօր mardik.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Վերջին տարիներին մի կերպ յոլա էինք տանում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում գոնե մեկ օր կրկեսի աշխատանքները չեն դադարեցվել, աշխատել ենք անգամ արցախյան պատերազմի տարիներին: Բայց այս վերջին տարիներին շատ դժվարացավ, չէինք կարողանում դրսից կենդանիներ բերել: Այդ ժամանակ կրկեսին կից ստեղծեցինք կենդանիների խումբ»,-պատմեց Սոս Պետրոյանը:
Նա նաև հայտնեց, որ կրկեսին կից գոյություն ունի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող ստուդիա-դպրոց:
«Եթե նախկինում մենք հրավիրում էինք ռուսների, ուկրաինացիների, ապա այժմ ստուդիայի շրջանավարտները համալրում են կրկեսի գործող պրոֆեսիոնալ խմբերը: Սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ «Տաշիր Գրուպի» տնօրեն Սամվել Կարապետյանը, պայմանագիր կնքելով քաղաքապետարանի հետ, սկսեց հովանավորել կրկեսի` այժմ արդեն ընթացքի մեջ գտնվող շինարարությունը: Նա հայտնեց, որ նախատեսված է տրամադրել 6մլն դոլար, սակայն, ըստ նրա, կպահանջվի 10 մլն դոլար:
Ի դեպ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին: Գլխավոր ճարտարապետներն են մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանը և երևանաբնակ Աշոտ Ավետիսյանը:
«Նախատեսված է կառուցել դերասանների համար կրկեսային հյուրանոց, երեք մանեժ: Ամեն ինչ մոդեռնիզացվել է»,-հավելեց նա:
Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ինքն արդեն աշխատում է կրկեսի բացման համար նախատեսվող միջոցառման ծրագրի վրա, ավելին` ցանկություն ունի, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր համարը ներկայացնի:
«Ես արդեն աշխատում եմ 2014թ. ամանորյա ծրագրի վրա: Նոր կրկեսը չի կարելի հին ձևով աշխատեցնել: Ամենակարևորն այն է, որ 2014թ. մայիսին Հայաստանում առաջին անգամ պետք է լինի կրկեսային արվեստի միջազգային փառատոն»,-ընդգծեց նա:
Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ շուտով ինքը հանդիպելու է Սամվել Կարապետյանի հետ, որի ժամանակ կբարձրաձայնի նոր կենդանիներ ունենալու իր ցանկության մասին:
«Իսկ այժմ, քանի որ կրկեսի շենքը քանդվել է, մեր ունեցած 12 կենդանիներին տեղափոխել են Դավիթաշենում գտնվող ձիարշավարան»,-ասաց նա:
Կրկեսային մարզավիճակը պահպանելու համար, բանախոսի փոխանցմամբ, վարձակալել են տարածք, որտեղ և ընթանում են թե ´ստուդիայի սաների դասընթացները, թե´ ընդհանուր մարզումները:
Մասնագետը դժգոհեց, որ կրկեսային մասնագետներն այսօր քիչ են:
Հարցին, թե քաղաքապետի փոփոխությամբ հնարավո՞ր է ծրագրում փոփոխություններ լինեն, Սոս Պետրոսյանը հայտնեց. «Չեմ կարծում: Տարոն Մարգարյանը ևս կրկես սիրում է, մի քանի անգամ եկել է»:
Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե վերանորոգված կրկեսում հնարավոր է գործի «Տաշիր պիցցա» , բանախոսը հայտնեց. «Եթե կա շենք, դրա հատակագիծը, եթե ամեն օր ես տեսնում եմ, թե ինչ է պատրաստվում…ամեն ինչ արվում է կրկեսային շենք կառուցելու համար: Նման բան չկա: Սակայն կարող է ծագել սննդի հարց, այս դեպքում «Տաշիր պիցցան» մեծ փորձ ունի և կարող է օգտակար լինել կրկես այցելողների համար»:
Նա ավելի քան համոզված է, որ վերանորոգված կրկեսն ավելի մեծ ուշադրություն կգրավի հասարակության կողմից:
«Ժողովուրդն ավելի շատ կգա, որովհետև պայմաններ կլինեն»,-եզրափակեց նա:
Պատրաստեց` ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆՈՐ ԿՐԿԵՍԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԻՆ ՁԵՎՈՎ ԱՇԽԱՏԱՑՆԵԼ. ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կրկեսն արդեն սպառել էր իրեն, կրկեսը շատ վատ դրության մեջ էր. Ձմռանը ներսում ավելի ցուրտ էր, քան դրսում էր, ամռանը ներսում ավելի շոգ էր, քան` դրսում: Չէինք կարողանում մասշտաբային ծրագրեր ներկայացնել: Այսօր mardik.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
«Վերջին տարիներին մի կերպ յոլա էինք տանում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում գոնե մեկ օր կրկեսի աշխատանքները չեն դադարեցվել, աշխատել ենք անգամ արցախյան պատերազմի տարիներին: Բայց այս վերջին տարիներին շատ դժվարացավ, չէինք կարողանում դրսից կենդանիներ բերել: Այդ ժամանակ կրկեսին կից ստեղծեցինք կենդանիների խումբ»,-պատմեց Սոս Պետրոյանը:
Նա նաև հայտնեց, որ կրկեսին կից գոյություն ունի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող ստուդիա-դպրոց:
«Եթե նախկինում մենք հրավիրում էինք ռուսների, ուկրաինացիների, ապա այժմ ստուդիայի շրջանավարտները համալրում են կրկեսի գործող պրոֆեսիոնալ խմբերը: Սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ «Տաշիր Գրուպի» տնօրեն Սամվել Կարապետյանը, պայմանագիր կնքելով քաղաքապետարանի հետ, սկսեց հովանավորել կրկեսի` այժմ արդեն ընթացքի մեջ գտնվող շինարարությունը: Նա հայտնեց, որ նախատեսված է տրամադրել 6մլն դոլար, սակայն , ըստ նրա, կպահանջվի 10 մլն դոլար:
Ի դեպ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2014թ. վերջին: Գլխավոր ճարտարապետներն են մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանը և երևանաբնակ Աշոտ Ավետիսյանը:
«Նախատեսված է կառուցել դերասանների համար կրկեսային հյուրանոց, երեք մանեժ: Ամեն ինչ մոդեռնիզացվել է»,-հավելեց նա:
Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ինքն արդեն աշխատում է կրկեսի բացման համար նախատեսվող միջոցառման ծրագրի վրա, ավելին` ցանկություն ունի, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ իր համարը ներկայացնի:
«Ես արդեն աշխատում եմ 2014թ. ամանորյա ծրագրի վրա: Նոր կրկեսը չի կարելի հին ձևով աշխատեցնել: Ամենակարևորն այն է, որ 2014թ. մայիսին Հայաստանում առաջին անգամ պետք է լինի կրկեսային արվեստի միջազգային փառատոն»,-ընդգծեց նա:
Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ շուտով ինքը հանդիպելու է Սամվել Կարապետյանի հետ, որի ժամանակ կբարձրաձայնի նոր կենդանիներ ունենալու իր ցանկության մասին:
«Իսկ այժմ, քանի որ կրկեսի շենքը քանդվել է, մեր ունեցած 12 կենդանիներին տեղափոխել են Դավիթաշենում գտնվող ձիարշավարան»,-ասաց նա:
Կրկեսային մարզավիճակը պահպանելու համար, բանախոսի փոխանցմամբ, վարձակալել են տարածք, որտեղ և ընթանում են թե ´ստուդիայի սաների դասընթացները, թե´ ընդհանուր մարզումները:
Մասնագետը դժգոհեց, որ կրկեսային մասնագետներն այսօր քիչ են:
Հարցին, թե քաղաքապետի փոփոխությամբ հնարավո՞ր է ծրագրում փոփոխություններ լինեն, Սոս Պետրոսյանը հայտնեց. «Չեմ կարծում: Տարոն Մարգարյանը ևս կրկես սիրում է, մի քանի անգամ եկել է»:
Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե վերանորոգված կրկեսում հնարավոր է գործի «Տաշիր պիցցա» , բանախոսը հայտնեց. «Եթե կա շենք, դրա հատակագիծը, եթե ամեն օր ես տեսնում եմ, թե ինչ է պատրաստվում…ամեն ինչ արվում է կրկեսային շենք կառուցելու համար: Նման բան չկա: Սակայն կարող է ծագել սննդի հարց, այս դեպքում «Տաշիր պիցցան» մեծ փորձ ունի և կարող է օգտակար լինել կրկես այցելողների համար»:
Նա ավելի քան համոզված է, որ վերանորոգված կրկեսն ավելի մեծ ուշադրություն կգրավի հասարակության կողմից:
«Ժողովուրդն ավելի շատ կգա, որովհետև պայմաններ կլինեն»,-եզրափակեց նա:
ԼՐԱՀՈՍ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԷԼ Է ԿՐԿԵՍ ՍԻՐՈՒՄ
Կրկեսի վերանորոգման, մոդեռնիզացման հարցն իր գերակա նպատակներից մեկը հայտարարեց դեռ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ «Տաշիր գրուպ» ընկերության ջանքերով կվերանորոգվի ու կվերազինվի կրկեսը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ կրկեսի վերանորոգման աշխատանքների համար «Տաշիր գրուպը» 8 միլիոն դոլար է հատկացնելու, սակայն թե մինչ այս պահն արդեն ինչքան ներդրում է կատարել ընկերությունը՝ կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը չմանրամասնեց. «Աշխատանքի ընթացքում կերևա, Մոսկվայից մասնագետներ պիտի գան: Որպես կրկեսի ստեղծագործական ղեկավար, կարծում եմ՝ 10 միլիոնը կանցնի»:
Բայց քաղաքապետերի փոփոխությունից Սոս Պետրոսյանը չի վախենում, հակառակը՝ «Տարոն Մարգարյանը կրկես սիրում է, ես մոտ եմ իր հետ, նա միշտ կրկես էր գալիս, օգնում էր որոշ բաներով՝ մի 5-6 տարի առաջվա բան եմ ասում: Ինքը, ընդհակառակը, ավելի շատ մեզ կօգնի»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունն ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդել նրա եղբոր՝ Սամվել Կարապետյանի կողմից իրականացվող ծրագրերի վրա, նշեց, որ այդ հանգամանքը ոչ մի բանով չի խանգարի:
««Տաշիր գրուպը» շատ լուրջ կազմակերպություն է, և առայժմ մենք աշխատում ենք, ամեն ինչ նորմալ կլինի, և ես խոսելուց զգում եմ, որ իրենք մտածում են կրկեսի մասին»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց, որ կրկեսի տարածքում «Տաշիր պիցցայի» մասնաճյուղ նախատեսված չէ. «Շատերը գրում են՝ «Տաշիր պիցցա» կլինի, էս կլինի, էն կլինի. դրանք լրիվ սուտ բաներ են, նման բան նախագծված չէ, բայց կարող է սննդի օբյեկտ լինի: Սպասարկման ձևերի վրա մտածենք՝ իրենք մեծ փորձ ունեն այդ հարցում»: Կրկեսի աշխատակիցները վերանորոգման ողջ ընթացքում «Տաշիր գրուպի» կողմից կստանան նաև իրենց հասանելիք աշխատավարձը:
Կրկեսի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռ օգոստոսից և շարունակվելու են մինչև 2014թ. վերջ: Վերանորոգումը՝ վերանորոգում, բայց կրկեսի աշխատակազմը նույնպես պարապ չի մնում: Ոմանք ներգրավված են վերանորոգման աշխատանքներում, որոշները ստեղծագործական մասն են առաջ տանում, իսկ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն արդեն այսօրվանից է աշխատում 2014թ. կրկեսային ծրագրի վրա, միաժամանակ պատրաստելով նաև 2014-ի ամանորյա ծրագիրը.
«Մենք վարձակալել ենք նախկին Առևտրի տան դահլիճը ու մեր ստեղծագործական բոլոր աշխատանքներն այնտեղ ենք տանում: Եվ պրոֆեսիոնալ դերասանների, և Լեոնիդ Ենգիբարյանի ստուդիայի աշխատանքները տեղի են ունենալու այդտեղ: Մեր առաջվա շենքը, բացի նրանից, որ ինժեներական իմաստով վատն էր, նաև չկային տեխնիկական միջոցներ: Բեմի փոփոխություն պետք է լինի, էլ չեմ ասում, որ գրիմանոցներից ոչ մեկը չէր համապատասխանում իրականությանը: Շենքի միայն սյուներն են մնալու, մնացած բոլորը մոդեռնիզացվելու է հանդերձարաններով, կենդանիների տեղերով, դահլիճներով, լինելու են պարի դահլիճ, հատուկ կրկեսային ժանրերի համար նախատեսված դահլիճ»:
Հիմնական վերանորոգումից բացի, կրկեսի ներկա շենքին ավելանալու է մեկ հարկ ևս, որտեղ կառուցվելու է 5 աստղանի հյուրանոց՝ կրկեսի դերասանների համար: Ճիշտ է, կրկեսի կենդանիների առանձնավանդակները չեն հավակնում լինել 5 աստղանի, սակայն լինելու են առավելագույնս հարմարավետ: Իսկ մինչ այդ նրանց տեղափոխելու են Դավիթաշենի ձիարշավարան, որտեղ էլ կազմակերպվելու են կենդանիների վարժանքները, իսկ կենդանաբանական այգի չեն տեղափոխել կենդանիներին՝ իրենց գործից չկտրելու և մարդկանց ուշադրությունը չշեղելու համար:
Պատրաստեց` Սոնա Ադամյանը
ԿՐԿԵՍԻ ՇԵՆՔԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
Ծիծաղի և ուրախության հաստատությունը կներկայանա նոր տեսքով
Երևանցիների կողմից սիրված կրկեսի 50-ամյա «կլոր» շենքն այժմ վերածվել է շինհրապարակի, և դրսից երևում են միայն փոշու ու շինարարական աղբի հետքեր: Երկու տարի անց շենքը կներկայանա ճարտարապետական նոր լուծումներով ու տեսքով` դառնալով մայրաքաղաքի մշակութային օջախների այցեքարտերից մեկը:
Երևանի փայտաշեն կրկեսի տեղում 1962 թ. կառուցված կրկեսի այժմյան շենքի խունացած ու հին պատերը, օդափոխության վատ համակարգն ու ցուրտ դահլիճն արդեն վաղուց էին հիմնանորոգման կարիք զգում:
Կրկեսի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են օգոստոսի 1-ից և նախատեսվում է ավարտել 2014 թ. վերջին:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասում է, որ կրկեսի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կարժենան շուրջ 10 միլիոն դոլար, իր վրա է վերցրել «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը:
«Կրկեսը երբեք չի դադարել գործել, աշխատել ենք նույնիսկ 90-ականների սոցիալական ծանր պայմաններում, սակայն վերջին տարիներին զգացվում էր, որ կրկեսն իրեն սպառել է. ձմռանը շենքում շատ ցուրտ էր, իսկ ամռանը` ահավոր տոթ: Բայց «Տաշիր գրուպ» ընկերության ներդրումների շնորհիվ, վստահ եմ` կունենանք կրկես, որը կհամապատասխանի ժամանակակից չափորոշիչներին»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ նախկինում շատերն են ցանկացել օգնել կրկեսին, բայց տեսնելով, որ կրկեսը եկամտաբեր չէ, հրաժարվել են:
1560 տեղ ունեցող կրկեսը սպասարկում է շուրջ 20 հոգանոց անձնակազմը, իսկ կրկեսի դերասաններն աշխատում են պայմանագրային հիմունքներով, որոնց մեծ մասն այս պահին անհատական ծրագրով մեկնել է հյուրախաղերի: Կրկեսային ներկայացումների տոմսերն արժեն 1000-2000 դրամ (մոտ 2,5-5 դոլար), որով էլ վճարում են աշխատողներին և հոգում մյուս խնդիրները, քանի որ, ինչպես ասում է կրկեսի տնօրենը, պետբյուջեի տրամադրած գումարներով «հազիվ կարողանում են վճարել լույսի ու ջրի համար»:
Հանրապետության միակ կրկեսի հիմնանորոգումը վստահվել է երկու փորձառու ճարտարապետների:
Ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, սակայն ավելանալու է ևս մեկ հարկ, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց:
«Համապատասխան միջոցներ չունենալու պատճառով կրկեսը չէր կարողանում արտերկրից մասնագետների և մեծ ատրակցիոններ հրավիրել, իսկ վերանորոգումից հետո ամեն բան կընկնի տեղը, ու կկարողանանք հյուրընկալել աշխարհի լավագույն կրկեսները»,- ասում է կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Բացի շենքի վերակառուցումից, ամբողջությամբ թարմացվելու է նաև կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան, մասնավորապես, կլավացվեն ձայնային և հնչյունային, ինչպես նաև լուսային էֆեկտների հնարավորությունները:
Իսկ կրկեսի կենդանիներն ապրելու են ոչ թե կրկեսի շենքում, այլ կրկեսին կից` հատուկ նրանց համար նախատեսված վայրում` այսպիսով կրկեսն ազատելով կենդանիներին բնորոշ գարշահոտությունից:
Հիմնանորոգումից հետո նախատեսվում է նաև ավելացնել կենդանիների թվաքանակն ու տեսակները` ներկայիս 12-ի փոխարեն:
Սակայն մինչ այդ կրկեսի կենդանիները ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի ձիարշավարաններից մեկը, և հենց այնտեղ էլ անցկացվում են վարժանքները:
Պարապմունքներից չեն զրկվել նաև կրկեսին կից գործող Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի սաները, նրանց համար վարձակալվել է տարածք:
«Կրկեսն իմ երկրորդ տունն է, ու չեմ պատկերացնում ինձ առանց կրկեսի: Վստահ եմ, որ վերանորոգումից հետո բոլոր պայմանները ստեղծվելու են, որպեսզի այն առավել հարմարավետ լինի թե՛ արտիստների և թե՛ հանդիսատեսի համար»,- ասում է 18-ամյա Մարիա Մկրտչյանը, ով արդեն ութ տարի զբաղվում է կրկեսային արվեստով:
Թեև կրկեսի հիմնանորոգման աշխատանքների ավարտին դեռ 2 տարի կա, սակայն Պետրոսյանն ասում է, որ իրենք արդեն նախապատրաստվում են 2014 թ. մարտին Երևանում առաջին անգամ անցկացվելիք կրկեսային արվեստի միջազգային փառատոնին:
Պատրաստեց` Գոհար Աբրահամյանը
ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԿՐԿԵՍԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Երևանի կրկեսի` 2011թ սեպտեմբերին սկսված և 2014թ վերջին ավարտվելիք վերանորոգման աշխատանքներն ընթանում են նախատեսվածի պես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: «Չնայած այս տարի ձմեռը շատ ցուրտ է, բայց նույնիսկ մեկ օր վերանորոգման աշխատանքները չեն կանգնում: Չեն դադարում նաև ստեղծագործական աշխատանքները, նոր համարներ ենք պատրաստում, շատանում է երեխաների թիվը, քանի որ այստեղ ուսուցումն անվճար է»,- նշեց նա: Սոս Պետրոսյանը նշեց, որ հին կրկեսը չէր համապատասխանում ժամանակակից չափանիշներին, այն պետք է ունենա ժամանակակից մեխանիզացիա, դերասանական սենյակներ, կենդանիների սենյակներ, գրիմանոցներ, սանտեխնիկա, մինչդեռ ոչ մի բան չկար:
Այժմ, նրա խոսքով, օտարերկրյա կրկեսների փորձը կներդրվի մեր կրկեսի համար: Երևանի կրկեսի վերանորոգման աշխատանքները վստահվել են ճարտարապետներ մոսկվաբնակ Վահագն Վերմիշյանին և երևանաբնակ Աշոտ Ավետիսյանին: Ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, սակայն ավելանալու է ևս մեկ հարկ` 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի շենքի վերակառուցումից, ամբողջությամբ կթարմացվի նաև կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան, մասնավորապես, կլավացվեն ձայնային և հնչյունային, ինչպես նաև լուսային էֆեկտների հնարավորությունները:
Այժմ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով կրկեսի մոտ 10 կենդանիներին տեղափոխել են Դավիթաշենում գտնվող ձիարշավարան: Սոս Պետրոսյանը նշեց, որ կրկեսը բացվելուց հետո կենդանիները կավելանան, տարբեր կրկեսներից կհրավիրվեն դերասաններ` իրենց կենդանիներով:«Կրկեսը կենդանի պետք է չունենա, ոչ մի կրկես կենդանի չունի, կենդանի ունի դերասանը, որը գալիս է հյուրախաղերի և գնում: Քանի որ մեզ մոտ ճանապարհները փակ են, մի քանի տարի առաջ մենք կարողացանք կենդանիներ պահել»,- ասաց նա` հավելելով, որ ցանկանում են բերել կենգուրուներ, ուղտեր: Վերանորոգման ընթացքում հանդիսատեսին կրկեսային ներկայացումներից չզրկելու համար այժմ կազմում են կրկեսային խմբեր, որպեսզի մարտից գնան շրջաններ, զորամասեր, մանկատներ և ելույթներ կունենան: «Կրկեսային կյանքը չի կանգնի»,- խոստանում է Սոս Պետրոսյանը և ավելացնում, որ կրկեսը միշտ գործել է, չնայած չեն ունեցել պայմաններ, ձմեռը ցուրտ է եղել, ամառը` շոգ:
Ի դեպ, Սոս Պետրոսյանը զայրույթ հայտնեց այն առումով, որ կան կրկեսային մի քանի խմբեր, որոնք կրկեսի պահանջներին չեն բավարարում, բայց ժողովրդին խաբում են, դպրոցներ են գնում` ներկայանալով Երևանի կրկեսից և այդպես «գցում են» իրենց կրկեսի պատիվը: «Այ դրանց պետք է վերացնել»,-ընդգծեց Ս. Պետրոսյանը: Նա նշեց, որ այդ հարցը լուծելու համար պետք է նամակով դիմեն Կառավարւթյանը: Կրկեսի բացմանը, նրա խոսքով, կհրավիրեն լավագույն հայ դերասաններին: Բացումից հետո` 2014թ. մայիսին, Հայաստանում առաջին անգամ պետք է լինի կրկեսային արվեստի միջազգային փառատոն:
Նշենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ և օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ150 մլն դրամով սեփականաշնորհել է Երևանի կրկեսը
ՀԳ. Լուսանկարները անելու ժամանակ կրկեսի տարածքը ամբողջությամբ շրջափակված էր մետաղյա թիթեղներով: Շինարարական մեքենաները ներս ու դուրս էին անում, նոր ներկայացում ազդարարող որևէ պաստառ չկար: Նույնիսկ հանվել էր կրկեսի ճակատին մշտապես առկա «Ցիրկ» բառը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը
ԿՐԿԵՍԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է
Այս տարվա ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Ներդրումային ծրագրի արժեքը գնահատվում էր $6 մլն: Ապրիլին հայտարարվեց նաև, որ «Հաղթանակ» զբոսայգում ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանն իրականացնելու է $60 մլն-ի ներդրումային ծրագիր («Դիսնեյլենդ»):
«Օրակարգ»-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ կրկեսի վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգուն, քաղաքապետարանի պատասխանից կարելի է ենթադրել, որ ներդրումային ծրագրի դեմ հանդես են գալիս զբոսայգու ներկայիս 20 վարձակալները:
Քաղաքապետարանից «Օրակարգ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ «Տաշիր Գրուպ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեկնարկել և ներկայում ընթացքի մեջ է Երևանի կրկեսի արդիականացման ծրագիրը։ «Շինարարության ներկա փուլի և այդ աշխատանքներին առնչվող այլ մանրամասների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ընկերությունից կամ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունից», – ասված էր պատասխանում:
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հաստատեց, որ քաղաքապետարանը «Տաշիր Գրուպ»-ին է հանձնել կրկեսի տնօրինումը, և այնտեղ արդեն շինաշխատանքներ են կատարվում: Պետրոսյանի խոսքով՝ կրկեսը ոչ շահութաբեր բիզնես էր, և ողջունելի է «Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունը:
Ուշագրավ է, որ շինաշխատանքները ցույց տվող վահանակների վրա նշված է «Երևանյան կրկես» ՍՊԸ, որից պարզ չէ, որ «Տաշիր Գրուպ»-ը մասնակցություն ունի ծրագրին: Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ ՍՊԸ-ն պատկանում է «Տաշիր Գրուպ»-ին:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու ներքո գործող Երևանի պետական կրկեսը 2005թ. գնահատվել էր Դ408 մլն և օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած կրկեսի կոլեկտիվը՝ Սոս Պետրոսյանի գլխավորությամբ, Դ150 մլն-ով սեփականաշնորհել էր այն՝ պարտավորվելով երեք տարում կատարել Դ650 մլն-ի ներդրումներ: Սակայն մինչև 2011թ. կրկեսը շարունակում էր գործել վատթար պայմաններում:
Ըստ Պետրոսյանի՝ կրկեսի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են օգոստոսի 1-ից, և նախատեսվում է դրանք ավարտել 2014թ. վերջին: Նախատեսված ծրագրով՝ ամրացվելու է կրկեսի ներկայիս շենքը, ճակատը մնալու է նույնը, սակայն ավելանալու է ևս մեկ հարկ՝ 5-րդ հարկը, որը լինելու է դերասանների համար նախատեսված հյուրանոց: Բացի շենքի վերակառուցումից՝ ամբողջությամբ կթարմացվեն կրկեսի գույքը, սարքավորումները, տեխնիկական բազան, մասնավորապես՝ կլավացվեն ձայնային և հնչյունային, ինչպես նաև լուսային էֆեկտների հնարավորությունները:
Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
Պատրաստեց` Մարիլույս Երեմյան
ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ ՆԱԵՎ ՈՒՐԱԽ Ե ԼԻՆՈՒՄ
Հուլիսի 17-ին և 24-ին Երևանի կրկեսը հանդիսատեսին կներկայանա վերջին երկու ներկայացումներով, որից հետո 2 տարի կրկեսում կընթանան վերանորոգման աշխատանքներ: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց, որ հուլիսի 24-ին տեղի կունենա կրկեսի պաշտոնական փակումը: Վերջին ներկայացումը բարեգործական է. դահլիճում կլինեն մանկատան և անապահով ընտանիքների երեխաներ: Տնօրենի խոսքով, կրկեսն իր կառուցման օրից մինչ այժմ չի վերանորոգվել, սակայն վերջերս ‹‹Տաշիր Գրուպ›› ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնել է ստանձնել վերանորոգման բոլոր ծախսերը:
Օգոստոսի 1-ից կսկսվեն կրկեսի հիմնանորոգման աշխատանքները, որը կտևի մոտ երկու տարի: Կրկեսը լիովին կհամապատասխանի ժամանակակից ռիթմերին,- նշեց Պետրոսյանը:
Նա ասաց նաև, որ նախկինում շատերն են ցանկացել օգնել կրկեսին, բայց տեսնելով, որ կրկեսը եկամուտ չի բերում, հրաժարվել են. ‹‹Ինչպես հասկանում եմ ‹‹Տաշիր Գրուպ›› չի հետաքրքրում եկամուտ ասվածը, ուղղակի այդ քայլով փորձում են զարգացնել հայկական կրկեսը››, - ասաց պարոն Պետրոսյանը:
Նշենք, որ հիմնադրման օրից կրկեսը առաջին անգամ է վերանորոգվելու: Հիրավի, կրկեսում ամեն ինչ նույնն էր մնացել, ինչպես որ վերջին անգամ` 9 տարի առաջ, երբ դասարանով եկել էինք կրկես. Դա իմ առաջին և վերջին այցն էր կրկես:
Կրկեսի գեղարվեստական ղեկավարը ցավով նշում է, որ այսօր շենքը չի համապատասխանում ոչ մի չափանիշի. ‹‹Ճիշտ է, կրկեսը երբեք չի դադարել գործել, բայց ես ինքս դժգոհ էի, քանի որ նորմալ պայմաններ չկային. ձմռանը շենքում ավելի ցուրտ էր քան դրսում, իսկ ամռանը ահավոր տոթ է: Անմխիթար վիճակում է նաև սանիտարական համակարգը››, - ասաց Պետրոսյանը:
Բայց չէ՞ որ օդային համարները, ատրակցիոնները բոլորովին ուրիշ պայմաններ են պահանջում, և համապատասխան միջոցներ չունենալու պատճառով էլ կրկեսը չէր կարողանում մեծ ատրակցիոններ հրավիրել:
Չգիտես ինչու, մեզ մոտ կարծիք է ձևավորվել, որ կրկես հաճախում են միայն մանուկ հասակում: Իսկ ահա, Ռուսաստանում կրկեսը միայն մանուկների զվարճանալու վայր չէ, և տոմս պետք է գնել ներկայացումից մի քանի օր առաջ: Իսկ ե՞րբ են մեր համաքաղաքացիները վերջին անգամ գնացել կրկես. պարզվում է` ‹‹Իշի զատկին››, այսինքն` մանկության տարիներին:
‹‹Վերջին անգամ 7 տարի առաջ եմ եղել կրկեսում, այն էլ 4-ամյա տղաս էր համոզել, որ գնանք: Գիտես, այնքան հոգսեր ունեն, որ մարդկանց դարդ ու ցավը չի կտրվել գնալ կրկես` այն էլ, երբ արդեն երեխա չես››, - ասաց 34-ամյա Գայանե Կիրակոսյանը` ավելացնելով, որ այժմ ժողովուրդը հազիվ է հացի խնդիրը լուծում, ուր մնաց թե` կրկես գնալուն գումար հատկացնի:
Իսկ ահա, Երևանի դպրոցներից մեկի տարրական դասարանների դասվարների ղեկավար 43-ամյա Ալբերտ Նահապետյանը նշեց, որ տարվա մեջ 2 անգամ անպայման գնում է կրկես. ‹‹Երեխաններն էլ են հաճույքով գալիս, իսկ իմ մասին խոսք լինել անգամ չի կարող:
Կարծում եմ` մարդիկ պետք է երբեմն- երբեմն կրկես գնան` լիցքաթափվելու համար: Հա, որ ուզենան, ժամանակ և միջոցներ էլ կհատկացնեն››,- ասաց պարոն Նահապետյանը, ով իմանալով որ կրկեսը վերանորոգվելու է, նախ ուրախացավ, հետո` տխրեց. ‹‹Մենակ ասա, որ վերանորոգումից հետո հոր գները չսահմանեն տոմսերի համար, որ վերանորոգման ծախսերը փակեն››:
Նշենք, որ վերանորոգման ծախսերը փակելու կարիք չի լինի, քանի որ, ինչպես տեղեկացրեց պարոն Պետրոսյանը, բարերարը խոստացել է վճարել վերանորոգման ամբողջ գումարը, իսկ վերանոնոգումից հետո իրենք հնարավորություն կունենան հյուրընկալել աշխարհի լավագույն կրկեսները, կազմակերպելու զանգվածային ատրակցիոն ներկայացումներ և այլն: Կլուծվի նաև ջեռուցման խնդիրը, որը թերևս ամենակարևորն է, իսկ կենդանիները
‹‹կբնակվեն›› ոչ թե կրկեսում, այլ կրկեսին կից հատուկ իրենց համար նախատեսված վայրում, և կրկեսն այլևս ‹‹անուշահոտությամբ›› չեն լցնի:
Նա նաև նշեց, որ իր որդին` Սոս Պետրոսյանը, որն ապրում է Գերմանիայում, կրկեսին կօգնի հետաքրքիր ծրագրեր իրականացնելու հարցում:
‹‹Կրկեսը 2 տարի լռության չի մատնվելու››,- հայտարարեց Պետրոսյանը. Իրենք տարբերակներ են մշակում կրկեսի գործունեությունը շարունակելու ուղղությամբ, իսկ վերանոնոգումից հետո պատրաստվում են կազմակերպել կրկեսային արվեստի միջազգային փառատոն:
Պատրաստեց` Պերճուհի Գևորգյանը
«Կտոր մը մանկություն»` mardik.am
Փետրվարի 27-ից «Երևանյան կրկես»-ը կրկին իր դռները կբացի հանդիսատեսի առջև: Թեպետ աշխարհի երկրների մեծամասնությունում կենդանիների մասնակցությամբ համարները արգելված են, նախատեսված ծրագրում հանդես են գալու նաև վարժեցված կենդանիներ` ինչո՞ւ, ինչպիսի՞ն են նրանց պահելու պայմանները և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից հայկական կրկեսը, որո՞նք են զարգացման միտումները: Այս և այլ հարցերի շուրջ mardik.am-ը զրուցեց «Երևանյան կրկես»-ի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու Սոս Պետրոսյանի հետ:
Mardik.am – Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը ներկայացնող կրկեսը լավագույններից մեկն էր, սակայն արդյո՞ք այն այսօր շարունակում է մնալ այդպիսին:
Սոս Պետրոսյան – Չեմ կարող ասել, որ կրկեսը, ինչպես նաև ողջ մշակութային համակարգը ներկայում լավ ժամանակաշրջան է ապրում: ԽՍՀՄ-ում ամեն ինչը կառավարվում էր և ենթարկվում էր «ՍոյուզԳոսՑիրկ» -ին, դա մի չքնաղ համակարգ էր: Իմ համոզմամբ, պետք է վերականգնել Սովետի օրոք եղած ավանդույթները: Ասեմ ձեզ, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ արդեն տարվում են: Օրինակ` «Երևանյան կրկես»-ը հանդիսանում է երկու ամիս առաջ ստեղծված ԱՊՀ կրկեսների ասոցիացիայի անդամ: Ի դեպ նշեմ, որ Անդրկովկասից այդ ծրագրում ընդգրկված է միայն Հայաստանը,Ադրբեջանը և Վրաստանը բացակայում են: Մոտ օրերս ես կմեկնեմ նաև Իժևսկ` ԱՊՀ-ի կրկեսների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որի միտումներից մեկը համակարգված ընդհանուր կրկեսային ցանց ստեղծելն է:
Կրկեսը միջազգային, հյուրախաղային և շատ բարդ համակարգ է, և ներկայում բազմաթիվ դժվարությունների միջով է անցնում: Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ մեր հայ կրկեսի դերասանների մասնակցությամբ համարները բավականին պահանջված են թե´ երկրի ներսում, թե´ երկրից դուրս:
Mardik.am – Այսինքն` ներկայումս հայ կրկեսի դերասանների պրոֆեսիոնալիզմը չի զիջում այս բնագավառի այլ երկրների ներկայացուցիչների՞ն:
Սոս Պետրոսյան – Այո, իհարկե: Մենք ունենք տասնյակ դերասաններ, ովքեր միջազգային մրցույթների դափնեկիրներ են դառնում: Եվ տեսեք, բոլորովին վերջերս Չինաստանում տեղի ունեցավ հանրահայտ և հեղինակավոր 9-րդ չինական միջազգային մրցույթը, որտեղ իմ թոռնիկ Սոս Պետրոսյան III-ը լավագույնը ճանաչվեց կրկեսի երեք հազար դերասաններից և արժանացավ ոսկե մեդալի:
Mardik.am –Իսկ որքանո՞վ է երիտասարդությունը հետաքրքրված այդ արվեստով, արդյո՞ք պատրաստվում են այն երիտասարդ կադրերը, ովքեր բարձր մակադակի վրա կպահեն հայ կրկեսային արվեստը:
Սոս Պետրոսյան – Կրկեսին կից մենք ունենք Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոց, որտեղ ընդհանուր առմամբ ուսուցանում է մոտ 60 հոգի, և ամեն տարի պրոֆեսիոնալ ծրագրերը համալրվում են ստուդիայի երեք-չորս շրջանավարտներով` դա մեծ ձեռքբերում է: Այս տարի առաջին անգամ մենք նախատեսում ենք բացել նաև կրկեսայի ռեժիսորների դասընթացներ, որովհետև մասնագետների բացակայությունն իրեն շատ է զգացնել տալիս ` չունենք բարձրագույն կրթված ռեժիսորներ, եթե այդպիսիք լինեն, մեծ սիրով նրանց գործի կվերցնեմ կրկեսում: Իսկ չկան, որովհետև ժանրը դժվար է, մասսայական չէ` ստուդիա ընդունվողները շատ են, սակայն մեկ ամսից ավելի չեն դիմանում:
Mardik.am – Պարոն Պետրոսյան, աշխարհի երկրների մեծամասնությունում արդեն արգելվում են համարներ կենդանիների մասնակցությամբ, Հայաստանում նման համարները, կարծես թե, գոյություն ունեն: Ինչո՞ւ :
Սոս Պետրոսյան - Ասեմ, որ առանց կենդանիների կրկես չի լինում։ Երբ մարդը գալիս է տոմս է գնում, միանգամից հարցնում է` կենդանիներ կա՞ն: Եթե կենդանիներ չլինեն, ժողովուրդը ներկայացմանը չի գա` երեխան գալիս է կենդանու համար: Ուրիշ բան է, որ կենդանիներին հարկավոր են լավ պայմաններ, և մեր անձնակազմն այդ ուղղությամբ անում է ամեն ինչ, իր կարողության սահմաններում: Մենք 25-30 գլուխ կենդանիներ ունենք` լամաներ, ջայլամներ, շնիկներ, ձիեր, որոնց շատ լավ ենք խնամում` մեր ամենավերջին կոպեկը տալիս ենք կենդանիների կերակրմանը:
Mardik.am –Իսկ հովանավորներ ունե՞ք:
Սոս Պետրոսյան — Հովանավորներ շուտով կունենանք, որոնց շնորհիվ մենք հնարավորություն կունենանք հիմնովին վերանորոգել կրկեսը, քանզի այն իր ստեղծումից (1961 թ.) ի վեր վերանորոգման չի ենթարկվել, իսկ եթե ենթարկվել է, ապա դա թռուցիկ ձևով է եղել և իրականացվել է բացարձակապես մեր ուժերով: Ներկայում շենքն արդեն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Վերանորոգումը նախատեսում ենք անել ամռանը, սակայն այնպես, որ դա չխանգարի ներկայացումներին:
Mardik.am – Ժամանակակից աշխարհում կրկեսը, կարծես թե, բիզնես նախագիծ է դարձել: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նման մոտեցմանը:
Սոս Պետրոսյան — Կրկեսը երբեք չպետք է ընկալվի որպես բիզնես- նախագիծ, դա առաջնահերթ արվեստ է: Սակայն երբ վերանորոգվի կրկեսը և նրան կից կստեղծվեն առևտրային կետեր`կողքից եկող եկամուտների աղբյուրներ, ապա միայն այս պարագայում ես ընդունում եմ նման մոտեցումը: Այդ եկամուտը կպահպանի կրկեսային արվեստի զարգացումը:
Mardik.am – Պարոն Պետրոսյան, Դուք ձեր կյանքն եք նվիրել կրկեսին և այսքան երկար տարիներ գլխավորում եք այն, չե՞ք զղջում, արդյոք, ընտրած ուղու համար:
Սոս Պետրոսյան – Իմ 60-ամյակի կապակցությամբ, որը նշվեց անցյալ տարի, ես գիրք գրեցի հայկական կրկեսի և իմ դինաստիայի մասին, որտեղ հանգամանորեն պատասխանել եմ Ձեր կողմից հնչեցրած հարցին: Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ կրկեսն ինձ հաջողություն, երջանկություն է բերել: Առանց կրկեսի ես կյանքը չեմ պատկերացնում, և եթե ես վերադառնայի անցյալ, ապա կրկին կընտրեի այդ ուղին:
Դիանա Վարդանյան
ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ ԵՄ ՀԱՅԻ«Ավանգարդ» շաբաթաթերթ
Հայկական կրկեսի հիրավի նվիրյալ Ս. Պետրոսյանն այսօր էլ նույն խանդավառությամբ աշխատում է կրկեսում, կրթում է սաներ, որոնք աշխատում են ոչ միայն հայկական, այլև աշխարհի տարբեր կրկեսներում: Նրա զավակները` հարսն ու թոռը նույնպես կրկեսային արվեստն են ընտրել` որպես կյանքի ճանապարհ: որդին` Սոս Պետրոսյան կրտսերը և հարսը` Վիկտորիան, իրենց հայտնի «Տրանսֆորմացիա» համարով սահմանել են աշխարհի բաձարցակ ռեկորդ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Թոռնիկը` Սոս Պետրոսյան երրորդը, աճպարարների աշխարհի առաջնությունում նվաճել է գլխավոր մրցանակը, դուստրը` Նաիրա Պետրոսյանը, մեր կրկեսի գլխավոր ռեժիսորն է, «Լեոնիդ Ենգիբարյան»-ի անվան ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև կրկեսի կենդանավարժը և հաղորդավարը:
ԱՄԵՆ ՏԵՂ ՓՆՏՐԵԼ ԵՄ ՀԱՅԻ
-Հայկական կրկեսային արվեստն այսօր շատերիս կողմից մեծ գնահատականի է արժանանում հատկապես Ձեր և Ձեր ընտանիքի ներդրած ավանդի շնորհիվ: Իսկ ի˜նչ է կրկեսը Ձեզ համար:
- Մոտ օրերս լույս տեսավ իմ առաջին գիրքը, որը նվիրված է իմ ծննդյան և գործունեության 60-ամյակին: Այնտեղ, կարծում եմ, տվել եմ Ձեր հարցի պատասխանը: Կրկեսը երջանկություն բերեց ինձ: Երբ մտածում եմ, թե ինչ է կրկեսն ինձ համար, երբ թերթում եմ իմ ամբողջ կենսագրությունը, հասկանում եմ, որ կրկեսը մեծ երջանկություն է բերել ինձ, նաև իմ ողջ գերդաստանին: Ես կարողացա բոլորի մեջ սեր ներարկել այս արվեստի հանդեպ` չնայած սկզբում ավելի շատ ուզում էի հետ պահել նրանց, քանի որ, սա շատ բարդ ասպարեզ է: Տղայիս ուղարկեցի պարարվեստի ուսումնարան, աղջկաս` թատերական ինստիտուտ, հարսս իրավաբան էր, բայց բոլորը եկան կրկես: Թոռնիկներիս հետ էլ չէի ուզում պարապել, բայց Սոսն արդեն աշխարհի լավագույն աճպարարն է…
-Ըստ Ձեզ` կրկեսի նկատմամբ հետաքրքրությունն ավելացե՞լ, թե՞ նվազել:
-Հայերը կրկես շատ են սիրում: Մենք կրկեսային արվեստի հարուստ ավանդույթներ ունենք: Դժբախտաբար ես կրկեսային թեմաներով գիտական թեզ պաշտպանած միակ մասնագետն եմ գիտությունների ակադեմիայում: Փորձել եմ պարզել, թե որտեղից են գալիս կրկեսային ավանդույթները, որոնք են կրկեսային արվեստի գեղարվեստական հատկանիշները: Այս ամենը վերլուծելով` համոզվել եմ, որ կրկեսի հանդեպ մեր ժողովուրդի սերը խորն ակունքներ ունի:
Վերջին շրջանում սոցիալական պայմանների պատճառով մարդիկ քիչ են հաճախում կրկես: Չնայած կրկեսի տոմսի արժեքն ամենացածրն է` ընդհամենը հազար դրամ: Կար ժամանակ, երբ ամեն օր ներկայացում էինք նշանակում, հանգստյան օրերին նույնիսկ երկու անգամ, այսօր ներկայացումները շաբաթական մեկ կամ երկու անգամ են: Մարդիկ գալիս են` մի քանի ժամով կտրվում հոգսերից, մանկանում…
-Ի՞նչ խնդիրներ կան հայկական կրկեսում:
-Եթե խոսքը շենքային պայմաններին է վերաբերում, ապա` կամաց-կամաց վերանորոգում ենք այն: Նախասրահները, որոշ հանդերձարաններ վերանորոգվել են: Գազ ենք անցկացրել, դա իսկական հերոսություն էր. կրկեսն արդեն ջեռուցվում է: Սակայն շենքը դրսից շատ անշուք է, վերանորոգման անհրաժեշտություն կա: Մեծն Ենգիբարյանի արձանը կարծես ամեն անգամ հաղորդում է ` շուտ վերանորոգեք: Համոզված եմ, որ կրկեսի շենքը շուտով կդառնա մեր հանրապետության ամենալավ մշակութային օջախներից մեկը: Բայց մեր բնագավառն ասես անտեսված է: 30 տարի շարունակ կրկեսային ոչ մի գործիչ կոչման չի արժանացել: ինքս էլ որևէ կոչում դեռ չունեմ:
-Ասում են` ծափերը վաստակում են… Հիշու՞մ եք Ձեր առաջին ծափերը, առաջին հանդիսատեսին, առաջին ելույթը:
-Ես ծնվել եմ Թբիլիսիում: 1963թ., լսեցի, որ Թբիլիսիի կինոթատրոնում ցուցադրվում է «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Ենգիբարյանն է: Մոտ 200 անգամ նայել եմ ֆիլմը: Որոշեցի, որ դառնալու եմ կրկեսի դերասան, մասնակցում էի դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին: Խաղացել եմ նաև Թբիլիսիում՝ Ենգիբարյանի մասնակցությամբ: Անընդհատ ներկա էի գտնվում ներկայացումներին: Մի օր էլ հաջողվեց հանդիպել, տեսնել Ենգիբարյանին: Նրան ներկայացրի իմ ինքնուս հնարքները, որից հետո նա խորհուրդ տվեց ընդունվել Մոսկվայի կրկեսային ուսունարան: Այդ օրվանից անդադար փորձեր էի անում, մասնակցում էի տարբեր օլիմպիադաների: Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում ես առաջին անգամ մրցանակ ստացա: Իմ առաջին ծափերն էին… ծափեր, որոնք կրկեսային խթան դարձան, և ես 1966թ. ընդունվեցի Մոսկվայի կրկեսային պետական ուսումնարան:
-Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումը:
-1970թ., երբ ավարտում էի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ավարտական քննության ժամանակ իմացա, որ Ենգիբարյանը որպես հանդիսատես մասնակցելու է: Անչափ հուզվեցի. Մտածում էի` ինձ կհիշի՞, արդյոք: Նույնիսկ չեմ հիշում, ինչպես կատարեցի համարս: Հետո ասացին, որ Ենգիբարյանն ուզում է տեսնել ինձ: Անհանգստությունս ու հուզմունքս մի կերպ զսպելով` մոտեցա նրան: Նա համբուրեց ինձ ու ասաց. «Ես քեզ հիշում եմ, դու ընդունվեցիր, հաջողությամբ ավարտեցիր և հենց քո այս համարով ես քեզ ընդունում եմ հայկական կրկեսային կոլեկտիվ»: Սա էր իմ կյանքի ամենակարևոր հանդիպումը: Ենգիբարյանն ինձ համար ամեն ինչ էր: Նա մանկավարժությամբ չէր զբաղվում, բայց ինձ շատ էր օգնում: Ասում էր, որ ես իր միակ աշակերտն եմ: Երբ Ենգիբարյանը նետում էր իր հնացած իրերը` կոշիկները, գլխարկը, ես թաքուն հավաքում էի. մինչ օրս պահում եմ: Գիտեի, որ նա հանճար է:
Ո՞վ է Ձեզ համար հայը:
- Ես աշխատել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Միշտ հպարտ եմ եղել, որ ես հայ եմ: Ամեն տեղ փնտրել եմ հայի: Մի հյուրախաղերի ժամանակ, երբ Աֆրիկյան երկրներում Հայաստանն էի ներկայացնում, Ալլա Պուգաչովան էլ էր մեզ հետ: Նա ասաց, որ Մոզամբիկում հայ չեմ գտնի: Իսկապես հայ չգտա: Արդեն մեկնում էինք Մոզամբիկից, ճանապարհին զուռնայի ձայն լսեցի. հայեր էին: Հայն ամուսնացել էր սևամորթի հետ, երեխաները սևամորթ էին, բայց զուռնայի երաժշտության ներքո ուտում-խմում էին…
-Ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում:
-Շատ կարևոր: Դա ինձ օգնում է ինքնահաստատվել: Հաճախ էի սիրահարվում. Առաջին դասարանից ամեն ամիս սիրահարվում էի: Ուզում էի առաջինը լինել: Միշտ գտնում էի մեկին, ու համար պիտի ջանք թափեի: Երբ Մոսկվայից վերադարձա Հայաստան, անսամբլ ստեղծեցի, որտեղ ընդունվեցին երիտասարդ երգիչներ, պարողներ: Ընդունվեց նաև մի աղջիկ` իմ ապագա կինը` Ջեմմա Շիրինյանը, որը լավ երգչուհի էր: Ես առաջին անգամ լուրջ սիրահարվեցի, և այդ սերը փոխադարձ է մինչ օրս:
-Սոս Պետրոսյանը երազանքներ ունի՞:
- Ամենանվիրական երազանքս դարձյալ կրկեսի հետ է կապված: Կուզեի ` գար մի օր, որ կրկեսը շքեղ վերանորոգվեր: Բոլոր հյուրերի համար լիներ առաջին մշակութային օջախը: Կուզեի մեր հայ դերասանները հավաքվեին մեկ տանիքի տակ, մեր հարուստ ավանդույթները վերականգնվեին…
Հասմիկ Գյոզալյան |